Ֆրանսիայի ամենահարուստ մարդը` Բերնար Առնոն, սեպտեմբերի 10-ին հայտարարել է ձախակողմյան լիբերալ Liberation թերթի դեմ դատական հայց ներկայացնելու մասին` հաղորդում է Agence France-Presse-ը:
Առնոն հասկացրել է, որ իրեն այնքան էլ դուր չի եկել իր մասին վերջին հոդվածը , որի վերնագիրը «Հանգի՛ստ թող, հիմա՛ր հարուստ» է: Հոդվածը նվիրված էր Առնոյի բելգիական հպատակություն ստանալու դիմումին: Թերթի կարծիքով` գործարարը նման քայլի է դիմել, որպեսզի խուսափի գերշահույթի համար սահմանված ֆրանսիական գերհարկերից: Հենց ինքը հերքում է իր գործողությունների նմանատիպ նպատակները:
Թերթի առաջին էջին տեղակայված վերնագիրը կապում են Նիկոլա Սարկոզիի հանրահայտ նախադասության հետ: Նա մի անգամ բացականչել է «Հանգի՛ստ թող, հիմա՛ր աղքատ» մի մարդու հասցեին, որը հրաժարվել է սեղմել իր ձեռքը: Առնոն Ֆրանսիայում համարվում է Սարկոզիի համախոհներից մեկը:
Նշենք, որ Առնոյի կարողությունը կազմում է 41 մլրդ դոլար:












































