Մարդիկ, ովքեր մանկության տարիներին կրծքով կաթ են կերել, մեծ հասակում ավելի քիչ են տառապում ընկճախտից: Այս մասին գերմանացի մասնագետները նշում են Psychotherapy and Psychosomatics ամսագրում:
Գիտնականները հետազոտել են 52 մարդու, որոնք բուժվում են ընկճախտից: Նրանց համեմատել են 106 առողջ մարդկանց հետ: Այս մասին հաղորդում է The Indian Express-ը: Ընկճախտով չտառապող մարդկանց 73%-ին կերակրել են կրծքով: Կերակրման և հոգեկան առողջության այս կապը մնացել է, երբ հաշվի են առել ընկճախտին նպաստող պայմանները, տարիքը, մարդու սեռը, նրա մոր կրթվածության մակարդակը:
Պարզվել է նաև, որ կերակրման տևողությունը դեր չի խաղացել ընկճախտի զարգացման տեսանկյունից: Փորձագետների խոսքերով` կերակրման փաստը կարող է խոսել երեխայի և մոր հարաբերությունների մակարդակի մասին: Եթե մոր հետ հարաբերությունները լավ են` մարդու մոտ դեպրեսիայի հավանականությունը քիչ է:
Գիտնականները չեն բացառում նաև, որ հենց դրական ազդեցություն է ունենում մոր կաթը: Նրա բաղադրությունը թույլ է տալիս երեխային նորմալ զարգանալ, իսկ դա պաշտպանում է նրան հոգեկան շեղումներից:










































