Այսօր ցամաքային ճանապարհով Սիրիայից հայեր են եկել Հայաստան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա տեղեկացրեց` երբ «Արմավիա»-ն դադարեցրեց չվերթները դեպի Հալեպ, դժգոհություններ եղան և սփյուռքի նախարարությանը ևս դիմեցին:
«Այսօր մեզ դիմեցին մի քանի ընտանիքներ, որոնք մեքենայով` ցամաքային ճանապարհով էին եկել Սիրիայից: Նրանց թիվն այս պահին մի փոքր ավելի շատ թվաց»,- նկատեց Զաքարյանը:
Նա նշեց` այն, որ Երևան-Հալեպ չվերթի տոմսերը վաճառված են, հիմք է տալիս մտածելու, որ սիրիահայերը ցանկություն ունեն վերադառնալու Հալեպ:
«Ես ավելի շատ ակտիվություն եմ նկատում և ցանկություն` վերադառնալու: Այս պահի դրությամբ դեպի Հալեպ վերադարձի միտումն ակտիվացել է: Կարծում եմ՝ մինչև հոկտեմբեր էլ կակտիվանա, քանի որ սիրիահայերի մի մասը Հայաստան էր ժամանել հանգստանալու նպատակով և հիմա վերադառնում է»,- մանրամասնեց սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարը:
Հիշեցնենք, որ այս օրերին Սիրիայում, մասնավորապես` հայաշատ Հալեպ քաղաքում հայերի վիճակը շատ ծանր է: Սիրիահայերից մեկն էլ նշեց, որ վերադառնալու ցանկությունը մեծ է բոլորի մոտ, սակայն Հայաստանում աշխատանք և պայմաններ չկան իրենց համար:











































