ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Պիլայը երկուշաբթի ՄԱԿ-ի Խորհրդի 21-րդ նստաշրջանի բացմանը քննադատել է ավելի քան 2 տասնյակ երկրների, որոնք խախտում են մարդու իրավունքները. այդ պետությունների ցանկում են հայտնվել Ֆրանսիան և Հունաստանը:
«Անհանգստության տեղիք են տալիս Ֆրանսիայում գնչուների բնակավայրերի վերջին բռնի ոչնչացումները, ինչը վնասել է հազար մարդու՝ նրանց դարձնելով ավելի խոցելի,- ասել է Գերագույն հանձնակատարը:- Գնչուների ինտեգրման հարցում հետագա ջանքեր են պահանջվում ազգային ռազմավարության շրջանակներում՝ միջազգային իրավապաշտպանական նորմերին համապատասխան»:
Խոսելով Հունաստանի մասին՝ Պիլայը նկատել է, որ անհանգստության տեղիք են տալիս «վերջին ամիսներին ատելության հիմքով կոպիտ հարձակումները ներգաղթյալների, փախստականների և ապաստան փնտրողների վրա»: Բացի այդ, նրա խոսքերով, «ոստիկանությունը, ըստ ամենայնի, չի կարողացել արդյունավետ արձագանքել» նման հանցագործություններին:
«Ես գիտեմ, որ շատ երկրներ գտնվում են բարդ տնտեսական իրավիճակում, սակայն ընդգծում եմ, որ ներգաղթյալները, չնայած իրենց կարգավիճակին, իրենց իրավունքների պաշտպանության իրավունք ունեն»,- ասել է նա:
Պիլայի ցուցակը գլխավորել է Սիրիան, որտեղ հակամարտությունը «աղետալի հետևանքներ է ունենում քաղաքացիական անձանց վրա», իսկ մարդու իրավունքների լուրջ խախտումներ իրականացնում են ինչպես կառավարական ուժերը, այնպես էլ զինված ապստամբները:
Մարդու իրավունքները խախտող երկրների շարքում նշվում են նաև Բահրեյնը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Քենիան, Կոտ դ՛Իվուարը, Մալդիվյան Հանրապետությունը, Մավրիտանիան, Մեքսիկան, Մյանմարը, Նեպալը, Պակիստանը, Սուդանը, Թունիսը, ՀԱՀ-ը, պաղեստինյան օկուպացված տարածքները:
Նա կոչ է արել այն երկրներին, որոնք մինչ այժմ չեղյալ չեն հայտարարել մահապատիժը, հրաժարվել դրանից: Պիլայը խոստովանել է, որ իրեն «ցավ են պատճառել վերջին շրջանում Բելառուսում, Չինաստանում, Ճապոնիայում, Սաուդյան Արաբիայում և ՍՄՆ-ում իրականացված մահապատիժները»: Այդ հարցում Գերագույն հանձնակատարը հիշատակել է Նաև Գազայի հատվածը, Իրաքը (այստեղ տարվա սկզբից մահապատժի է ենթարկվել շուրջ 100 մարդ), Իրանը, Գամբիան և Հարավային Սուդանը:










































