Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) 2012-2013 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը` մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների, Ճեմարանի դասախոսական կազմի և սաների:
Տերունական աղոթքից, Հայաստանի և ճեմարանի օրհներգերից հետո բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: ԳՀՃ-ի վերատեսուչը նշեց, որ ճեմարանը հետևողականորեն ընթանում է դեպի նպատակակետ` դառնալու այնպիսի մի հաստատություն, որը կկարողանա շնորհել բոլոր գիտական աստիճանները, որտեղի շրջանավարտներն այլևս կարիք չեն ունենա արտասահմանյան համալսարաններում վերստին ուսանելու, կզբաղվեն գիտությամբ և Հայ Եկեղեցու ստեղծած ժառանգության հարստացմամբ:
Գերաշնորհ Սրբազան Հայրն իր երախտագիտությունը հայտնեց նաև ճեմարանի տեսչական, դասախոսական կազմերին և ուսանողությանը` իրենց անձնվեր, հետևողական ու անկեղծ աշխատանքի համար` մաղթելով տոկուն հավատք և սեր` առաքելությունը շարունակելու համար:
Հանդիսության ընթացքում ազգային երգերի կատարումներով և ասմունքով հանդես եկան Ճեմարանի սաները, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից օրհնության խոսք ասաց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժվի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Շնորհավորելով ամենքին նոր ուսումնական տարվա բացման առիթով` Սրբազան Հայրը Ճեմարանին մաղթեց անսպառ եռանդ, նոր ձեռքբերումներ ու հաջողություններ:
Այս տարի Գևորգյան հոգևոր ճեմարան է ընդունվել 22 սան: Ուսանողության ընդհանուր թիվը կազմում է 129 հոգի: Ճեմարանում դասավանդում եմ 19 եկեղեցական և 34 աշխարհական դասախոսներ:









































