Այսօր, ժամը 17.55-ին, Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը կվերսկսի Երևան-Հալեպ կանոնավոր չվերթները: Հալեպ մեկնող 50 հոգու համար նախատեսված ինքնաթիռն ամբողջությամբ զբաղեցված է: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան: Նա հավելեց, որ այսուհետ կիրականացվեն դեպի Հալեպ չվերթները շաբաթը մեկ անգամ՝ երկուշաբթի օրերին:
Նանա Ավետիսովան նաև տեղեկացրեց, որ երեկ առավոտյան «Արմավիա»-ն Երևան-Հալեպ չվերթով Հալեպ էր հասցրել Սիրիական ազատ բանակի սպառնալիքների պատճառով Հայաստանում նախատեսվածից ավելի օրեր անցկացրած սիրիահայ 110 երեխաների, ովքեր ժամանել էին Հայաստան` Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում հանգստանալու, և դեպի Հալեպ չվերթների բացակայության պատճառով մնացել էին Հայաստանում:
Հիշեցնենք, որ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել էր դեպի Հալեպ չվերթները Սիրիական ազատ բանակի սպառնալիքների պատճառով: Ազատ բանակը սպառնացել էր ոչնչացնել ինքնաթիռները:











































