Իրաքի նախկին փոխնախագահ, սուննի Տարեկ Ալ-Հաշեմին, որը երեկ Իրաքի դատարանի կողմից հեռակա կարգով մահապատժի դատապարտվեց, իր դատավճիռն անվանել է «անօրինական» և հերքել իր դեմ առաջ քաշված բոլոր մեղադրանքներ:
«Կայացված դատավճիռը անօրինական է: Ես այն չեմ ճանաչի»,- ասել է Հաշեմին երկուշաբթի Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Ալ-Հաշեմիի խոսքերով՝ դատարանի վճիռը «զուտ քաղաքական է, և ոչ թե իրավաբանական»: «Ես զրկված եմ եղել պաշտպանվելու իրավունքից և չեմ ցանկանում կանգնել մի դատարանի առաջ, որը ենթակա է Ալ-Մալիքիին (Իրաքի վարչապետ.- 1in.am)»,- ասել է նա՝ նշելով, որ պետք է դատել ոչ թե իրեն, այլ հենց վարչապետին, քանի որ «հենց նա է մեղավոր հարյուր հազարավոր մարդկանց սպանության մեջ»:
Տարիկ Ալ-Հաշեմին 2011 թ. դետեմբերին Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի կողմից մեղադրվեց ահաբեկչական գործողություններ, մասնավորապես՝ պայթյուններ, բարձրաստիճան պաշտոնյաների, սպաների, դատավորների և բժիշկների առևանգումներ ու սպանություններ կազմակերպելու մեջ: Հենց այդ ժամանակ՝ դեկտեմբերին, Հաշեմիի ձերբակալության կարգադրություն արվեց: Դրանից հետո Հաշեմին տեղափոխվեց Իրաքի հյուսիս, այնտեղից Կատար, իսկ ապրիլին՝ Թուրքիա:
Հիշեցնենք. Իրաքի դատարանը սեպտեմբերի 9-ին հեռակա կարգով Ալ-Հաշեմիին դատապարտեց կախաղանի միջոցով մահապատժի՝ մեղավոր ճանաչելով ավելի քան 300 հանցագործությունների մեջ:
Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Ալ-Հաշեմիին Անկարայում ընդունեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Հանդիպման ավարտին պաշտոնական հայտարարություն չի հնչեցվել: Ըստ ԶԼՄ-ների՝ նախարարը հավաստիացրել է Ալ-Հաշեմիին, որ նրան չեն արտահանձնի Իրաքին:
Ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է եղել Թուրքիայի իշխանությունների արձագանքը իր դատավճռին, Հաշեմին ասել է, որ գոհ է պաշտոնական Անկարայի դիրքորոշումից: Նա նաև նշել է, որ չի պատրաստվում դիմել Թուրքիայի իշխանություններին քաղաքական ապաստանի խնդրանքով: Լրագրողի այն հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք նա մնալ Թուրքիայում, Հաշեմին խորհուրդ է տվել այդ հարցով դիմել երկրի արտգործնախարարին:









































