Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանը բացատրել է երկրի շուկայում դոլարի գնի հանկարծակի թռիչքի պատճառները: Խորհրդարանի տնտեսական հանձանաժողովի ղեկավար Գոլամռեզա Մեսբահի Մողադդամի տվյալներով՝ դոլարի գնի բարձրացման պատճառն այն է, որ Իրանի Կենտրոնական բանկը երեք շաբաթ առաջ դադարեցրել էր դոլարային ինտերվենցիաները:
Նա հավելել է, որ Կենտրոնական բանկը դոլարներ է հատկացնում միայն առաջին անհրաժեշտության ապրանքների ու դեղորայքի համար. «Դա խոշոր սխալ է: Երկրի զարգացման հնգամյա պլանի իրագործման համար լավագույն որոշումը կլիներ դոլարի լողացող կուրսի ներդնումը»:
Նշվում է, որ ամերիկյան դոլարն Իրանի սև շուկայում երեկ թանկացել է ավելի քան 1000 ռիալով՝ հասնելով 23,850 ռիալի՝ նախորդ օրվա 22,810 ռիալի դիմաց: Կիրակի թանկացել են նաև ֆունտ ստեռլինգն ու եվրոն. Ֆունտ ստեռլինգը 30,500 ռիալից հասել է մինչև 37,200 ռիալի, իսկ եվրոն՝ 29,100 ռիալից մինչև 36,000 ռիալի:
Իրանի միջուկային ծրագրի հանդեպ պատժամիջոցների սպառնալիքն ու տնտեսական ռիսկերն իրանցիների համար ծառայում են որպես դոլար գնելու խթան:









































