Իրաքի շիայական թաղամասերում երեկ իրականացված պայթյունների զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորվել է ավելի քան 200 մարդ,- հաղորդում է Reuters-ը:
Առավել խոշոր ահաբեկչությունը տեղի է ունեցել Բաղդադից 300 կմ հարավ գտնվող Ամարա քաղաքում, որտեղ երկու ականապատ ավտոմեքենա պայթել են շիայական սրբավայրի և շուկայի մոտ: Զոհվել է առնվազն 16 մարդ:
Կիրակի Իրաքում գրանցվել էր ավելի քան 20 ահաբեկչություն: Մինչ այժմ հայտնի չէ, թե ով է կանգնած այդ պայթյունների հետևում, սակայն նշվում է, որ հարձակումների մեծ մասն ուղղված է եղել երկրի շիա բնակչության դեմ:
Պայթյուններ են տեղի ունեցել Քիրկուկ, Բաաքուբա, Սամարա, Թուզ Բասրա, Հուրմատո քաղաքներում, ինչպես նաև ռազմաբազաներից մեկում: Նշվում է, որ վիրավորվել են իրաքյան North Oil Company-ի աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ կիրակի Իրաքի դատարանը հեռակա կարգով երկրի նախկին փոխնախագահ, սուննի Տարիկ Ալ-Հաշեմիին դատապարտեց մահապատժի՝ մեղավոր ճանաչելով իրաքցի ժողովրդի դեմ մի շարք հանցագործությունների մեջ:








































