Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Ազգային դեմոկրատական ինստիտուտը (NDI) հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ներկայացրել է Վրաստանում հասարակական կարծիքի հետազոտման վերաբերյալ անցկացրած հերթական հարցախույզի արդյունքները: Այս մասին հայտարարել է NDI-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հարցախույզն անցկացվել է հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում: Հարցախույզին մասնակցել է 2038 մարդ: Հարցախույզի արդյունքները վկայել են, որ երկրի գործիչների շրջանում ամենաբարձր վարկանիշն ունի պատրիարք Իլյա 2-րդը՝ 91 տոկոս:
Երկրորդ տեղում Վրաստանի վարչապետ Իվանե (Վանո) Մերաբիշվիլին է՝ 62 տոկոս: Նրան փոքր-ինչ զիջում է նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ 61 տոկոս: Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի (Գիգի) Ուգուլավայի գործունեությունը դրական է գնահատել հարցախույզի մասնակիցների 58 տոկոսը, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեինը՝ 55 տոկոսը, «Քրիստոնեա-դեմոկրատական» շարժման առաջնորդ Գեորգի Տարգամաձեինը՝ 49 տոկոսը:
Ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին 8-րդ տեղում է՝ 39 տոկոս:










































