Ամեն տարի այս օրը՝ սեպտեմբերի 10-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) անց է կացնում ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրը:
ԱՀԿ-ի տվյալով՝ ներկայում ինքնասպանությունների հետևանքով մահացածների թիվը հասնում է տարեկան 1 մլն-ի: Վիճակագրության համաձայն՝ միջինը աշխարհում բռնի մահվան շուրջ կեսը բաժին է ընկնում ինքնասպանություններին, հաղորդում է Calend-ը:
Միտումներն այնպիսին են, որ 2020թ. ինքնասպանությունների թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի մեկուկես անգամ:
Ինքնասպանությունը համաշխարհային առողջապահության գլոբալ խնդիրներից է: Վիճակագրության համաձայն՝ ինքնասպանությունների հետևանքով մահանում է այնքան մարդ, որքան պատերազմների ու բռնի սպանությունների հետևանքով՝ միասին վերցված:
Հատկանշական է, որ ինքնասպանությունների թվով առաջատար են զարգացած երկրները: Առաջին տեղերը բաժին են ընկնում Արևելյան Եվրոպային:
Ճապոնիայում ամեն տարի ինքնասպանություն է գործում 30 հազար մարդ: Ավելի քիչ են ինքնասպանությունները Լատինական Ամերիկայում ու իսլամական երկրներում:
Աֆրիկայի վերաբերյալ տվյալներ գրեթե չկան:










































