Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Բանանց» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքի միջոցով շնորհավորել է շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականին՝ Ստամբուլի 2012թ Օլիմպիադայում հաղթանակի կապակցությամբ:
«Ստամբուլում ավարտված շախմատի համաշխարհային օլիմպիադայի արդյունքները անտարբեր չթողեցին ոչ մի հայի: Մենք հպարտանալու առիթ ունեցանք և գլուխներս բարձր կարող ենք աշխարհին ասել, որ մենք առաջինն ենք, մենք ուժեղագույնն ենք: Շախմատի հայ վարպետները երրորդ անգամ համայն աշխարհին ապացուցեցին հայ մտքի ճկունության և հնարամտության առավելությունները:
Մեր շախմատիստների հաղթանակը, այն էլ Ստամբուլում, առավել կարևոր է, քանի որ Թուրքիայում հնչեց Հայաստանի օրհներգը: Շախմատի Հայաստանի հավաքականը օրինակ է ծառայում բոլորիս համար և այս օրինակին մենք պետք է հետևենք անվերապահորեն:
«Բանանց» ֆուտբոլային ակումբի ամբողջ անձնակազմի անունից շնորհավորում ենք Հայ ազգին, շախմատի Հայաստանի ֆեդերացիային, հայ շախմատիստներին այս մեծագույն հաղթանակի համար, և հուսով ենք, որ այս հաղթանակով մենք ոգևորված նոր նվաճումների կհասնենք: Շնորհավոր….»:








































