Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 17, վիրավորվել՝ 40 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով պաշտոնական ԶԼՄ-ներին: Պայթյունը որոտացել է հիվանդանոցի և դպրոցի շենքների մոտ, որտեղ տեղի բնակիչները թաքցնում էին ընդդիմադիրներին:
Այլ աղբյուրի`«Սուրիա» հեռուստաալիքի տվյալներով` ահաբեկիչները գործի են դրել ականապատված մեքենա: Այն պայթեցվել է քաղաքային մարզադաշտի և երկու`Ալ-Հայաթ, Ալ-Մարկազի հիվանդանոցների մոտ: Պայթյունից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել:
Երեկ հաղորդվում էր, որ Բաշար Ասադի ուժերի կողմից ավիահարվածի հետևանքով Հալեպում զոհվել է ավելի քան 20, տուժել՝ 32 մարդ: Ռմբակոծման հետևանքով բազմաբնակարան շենք էր ավերվել: Ընդդդիմադիրների տարածած հաղորդագրությունը ճշտել հնարավոր չէ, քանի որ Սիրիայի իշխանությունները օտարերկրյա լրագրողներին թույլ չեն տալիս մուտք գործել իրենց երկիր:







































