Ինչպես հայտնի է, ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ավագանու թեկնածուներ կան Գյումրիում: Այստեղ ավագանու անդամի 21 տեղի համար պայքարում է 72 թեկնածու:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գևորգ Ալեքյանը տեղեկացրել է, որ ավագանու թեկնածուների միջև թեև կա լարվածություն, բայց շատ փոքր է մրցակցությունը: Նա տեղեկացրել է, որ, իրենց ունեցած տեղեկություններով, Սամվել Բալասանյանի համար ընտրակաշառքը բաժանվում է հենց ավագանու անդամների միջոցով:
Այս պահի դրությամբ որևէ արտակարգ դեպք Գյումրիում չի գրանցվել: Լարվածություն, իհարկե, կա, բայց ամեն ինչ դեռ խաղաղ է: Ալեքյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ չկան նաև ճնշումներ: «Որևէ ներքին ճնշում մեզ վրա չկա և չի էլ կարող լինել լինել, մաքուր արդար գնում ենք ընտրատեղամասեր: Մեքենաներով շրջիկ աշխատանքային խմբեր ունենք, որոնք ընտրատեղամասերում պարզապես հսկում են, որ կանխվեն ընտրակաշառք բաժանելու դեպքերը: Եթե իրավապահ մարմինները չեն կարող նման հարցեր կազմակերպել, ապա մենք ի վիճակի ենք»,- ընդգծել է Ալեքյանը:







































