Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ ռուսերենով հարցազրույց է տվել ПИК հեռուստաընկերությանը:
Նա հայտարարել է, որ Թբիլիսին միշտ կողմ է եղել Սոչիի օլիմպիական խաղերի անցկացմանը և սպառնալիք չէ դրանց:
«Մենք մեծ խանդավառությամբ քաղաքական մակարդակում աջակցեցինք օլիմպիական խաղերի անցկացման գաղափարին: Կարծում էի, որ դա թույլ կտա խուսափել առկա բացասական տենդենցներից, հատկապես Աբխազիայում», ասել է Սաակաշվիլին:
Նա հերքել է երկրի տարածքում նոր պատերազմի հավանականությունը: «Կարծում եմ` ներկայիս տարածաշրջանային և միջազգային իրավիճակը չի նպաստում լայնածավալ պատերազմին: Ռուսաստանը զուտ ֆիզիկապես պատրաստ չէ, և քաղաքական առումով էլ դա կործանիչ կլիներ նրա համար», հայտարարել է Վրաստանի նախագահը:
Անդրադառնալով Ռուսաստանի հյուսիսկովկասյան հանրապետությունների հետ կապված վրացական նախաձեռնություններին` նա կարծիք է հայտնել, որ դրանք սպառնալիք չեն Ռուսաստանի ամբողջականությանը: