Սիրիայի կառավարական ուժերն այսօր լուսաբացին զանգվածային հրետանակոծման են ենթարկել երկրի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի Մեյդան թաղամասը: Այս մասին հաղորդում է Взгляд-ը:
Սիրիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում երեկ տեղի են ունեցել կատաղի մարտեր` Հանանո թաղամասի զորանոցների նկատմամբ վերահսկողության համար: 20 ժամ տևած մարտից հետո կանոնավոր բանակին հաջողվել է հետ մղել զենքի ու զինամթերքի պահեստներին տիրանալու ապստամբների հարձակումները:
Արաբական հեռուստաալիքների փոխանցմամբ՝ միայն շաբաթ օրը Հալեպում զոհվել է առնվազն 90 մարդ, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել: Ընդհանուր առմամբ` անցած օրը Սիրիայում զոհվել է 180 մարդ: Այդ մասին են վկայում ականատեսներն ու հիվանդանոցների բժիշկները:
Սիրիայի պետական SANA գործակալության փոխանցմամբ` Դամասկոսի հարավային Դեյր-Ասաֆիր արվարձանում ոչնչացրել են «մեծ թվով ահաբեկիչների» և «ձերբակալել նրանց առաջնորդներին»:
Միևնույն ժամանակ Սիրիայի իշխանությունները հաստատում են, որ Հոմս քաղաքում, որտեղ ավելի վաղ տևական մարտերից հետո բանակին հաջողվել էր կարգ ու կանոն հաստատել, վերջին իրադարձություններին մասնակցություն ունենելու համար ձերբակալված 277 մարդ ազատ է արձակվել, քանզի նրանց ձեռքերը «ներկված չեն» սիրացի ժողովրդի արյունով:
Սա զանգվածային համաներման առաջին դեպքը չէ: Ավելի վաղ միայն Դամասկոսում 27 հազար մարդ էր ազատ արձակվել:








































