ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սիրիական հակամարտության կարգավորման հարցի շուրջ տարաձայնությունները պահպանվում են: Այս մասին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Վլադիվոստոկում Ասիա-խաղաօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ հանդիպման արդյունքներով: Այս մասին հայտնում է Взгляд-ը:
«Պետք է իրատես լինել: Մենք Սիրայի հարցում համաձայնության չենք եկել: Հակասությունները պահպանվում են, հավանաբար կպահպանվեն նաև ապագայում»,- լրագրողներին ասել է Քլինթոնը:
Քլինթոնը կրկին նշել է, որ ԱՄՆ-ն դաշնակիցների հետ շարունակում է աջակցել Սիրիայի ընդդիմությանը` նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարում:
Ի դեպ, Պուտինը Քլինթոնի հետ զրույցը բնութագրել է որպես գործնական և կառուցողական, սակայն նշել է, որ հարցի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել:








































