ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ափսոսանք է հայտնում «Գազպրոմի» նկատմամբ Եվրահանձնաժողովի գործողությունների համար, սակայն դա «առևտրային պատերազմ» չի համարում:
«Ես համաձայն չեմ Եվրամիության հետ հարաբերությունների գնահատականին», մեր հարաբերությունները շատ բարի են և կառուցողական, դրանք ոչ մի կերպ չի կարելի համարել մարտական, դա առևտրային պատերազմ չէ»,- ասել է Պուտինը:
«Այն, ինչ կատարվում է «Գազպրոմի» նկատմամբ, նորություն չէ, դեռ անցած տարի իրականացվել են խուզարկություններ «Գազպրոմի» արտասահմանյան մի քանի հաստատություններում, սա այդ ուղղությամբ երկրորդ քայլն է, մենք ցավում ենք այն ամենի համար, ինչ տեղի է ունենում»,-ընդգծել է Պուտինը:
«Միացյալ Եվրոպան ցանկանում է պահպանել քաղաքական ազդեցությունը և ուզում, որ մենք դրա համար ևս մի փոքր վճարենք: Դա ոչ կառուցողական քայլ է»,- ասել է նա:
Պուտինը հիշեցրել է, որ խորհրդային տարիներին գազը Արևելյան Եվրոպայի երկրներ մատակարարվել է ոչ շուկայական գներով: «Իսկ ավելի ուշ, մենք անցել ենք այդ պետությունների հետ շուկայական հարաբերությունների և շուկայական գնագոյացման: Կարծում եմ, մենք պետք է մնանք այսօրվա իրողությունների հիման վրա: ժամանակակից Ռուսաստանն իր վրա չի վերցրել և չի վերցնի ոչ մի լրացուցիչ պարտականություն` կապված այդ երկրների տնտեսությունների ոչ շուկայական կարգավորման հետ»:
«Հասկանալի է, որ ճգնաժամի պայմաններում ֆինանսական բեռի մի մասը ուրիշների վրա դնելու ցանկություն է առաջանում, սակայն, կրկնում եմ, մենք նման քայլը համարում ենք ոչ կառուցողական»:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր մրցակցության հնարավոր խախտման երեք դեպքի առնչությամբ «Գազպրոմի» դեմ հակամենաշնորհային հետաքննության մեկնարկի մասին: Առաջին հերթին, «Գազպրոմը», ենթադրաբար, մասնատել է գազի շուկաները, դժավարացնելով ազատ մատակարարումները ԵՄ անդամ երկրներ: Երկրորդը` ընկերությունը հավանաբար խոչընդոտել է գազի մատակարարման դիվերսիֆիկացիան և հաճախորդներ հետ անարդար գնային քաղաքականություն է վարել:
«Գազպրոմը» հայտարարել է, որ հետևելու է այն երկրների կանոններին, որոնց հետ աշխատում է, և Եվրահանձնաժողովի կողմից ակնկալում է հակամենաշնորհային հետաքննության օբյեկտիվություն:









































