Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Ողջունելով դեսպանների այցը Հայաստան` ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ այն լավ հնարավորություն է Հայաստանին առնչվող հարցերին տեղում ծանոթանալու, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու համար: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ դերը անվտանգության ապահովման, ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների ամրապնդման և դրանով իսկ, անդամ-երկրների անվտանգ և կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման գործում:
Մեր երկիրը ակտիվ ու կառուցողական մասնակցություն է ունենում բոլոր նախաձեռնություններին, որոնք նպատակաուղղված են կազմակերպության իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը` Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն և միակ ձևաչափ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է: Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով, իսկ ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլև ողջ տարածաշրջանի համար»,-ընդգծել է ԱԺ նախագահը: Նրա համոզմամբ, Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, միջազգային կոնվենցիաներն ու համաձայնագրերը, միջազգային կազմակերպություններում իր իսկ ստանձնած պարտավորությունները, խոչընդոտում է համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, շարունակաբար մերժում հակամարտության հանգուցալուծմանն ուղղված առաջարկները, ձախողում է փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, լրջորեն սպառնում է տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցներիհետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը խստորեն դատապարտել է Հունգարիայի Հանրապետության իշխանությունների կողմից 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու և այնտեղ մարդասպանին ներում շնորհելու փաստը` տեղեկացնելով, որ ՀՀ Ազգային ժողովը այս կապակցությամբ ընդունել է հայտարարություն, որը կուղարկվի միջազգային խորհրդարանական կառույցներին և ազգային խորհրդարաններին: Նրա խոսքով` անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը գոնե հիմա կարողանա հասկանալ, որ չի կարելի վստահել Ադրբեջանի իշխանությունների անգամ ամենաբարձր մակարդակով տրված երաշխիքին կամ խոստմանը, հատկապես, եթե այն վերաբերում է մարդու, առավել ևս հայ մարդու անվտանգությանը և չի կարելի վստահել մի երկրի, որտեղ խրախուսվում է մարդասպանությունը և հայատյացությունը: Նրա համոզմամբ` Ադրբեջանը երբեք չի կարող հանդիսանալ Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխավոր: Հովիկ Աբրահամյանը նշել է նաև, որ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքը կարող է բացասաբար ազդել ոչ միայն բանակցային ողջ գործընթացի, այլև տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը:
Դեսպանների անունից շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պատվիրակության ղեկավար, Իռլանդիայի դեսպան Էոին ՕԼիրը նշել է, որ իրենց այցի նպատակն է տեղում ծանոթանալու իրավիճակին, կատարված աշխատանքին: Նա շեշտել է, որ ԵԱՀԿ-ն ԼՂ հիմնախնդրի միակ ձևաչափ տեսնում է Մինսկի խումբը և սատարում է համանախագահների ջանքերը` ուղղված հակամարտության խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորմանը: Նա նշեց, որ ԵԱՀԿ-ն իր խորին մտահոգությունն է արտահայտել սաֆարովյան դեպքի առնչությամբ:
ԱՄն դեսպան Յան Քելլին դատապարտել է հունգարական իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունների կողմից նրան ներում շնորհելու փաստը և նշել, որ իրենք մտահոգված են ցանկացած գործողությամբ, որը կվտանգի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, ինչը, նրա համոզմամբ, պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի շրջանակներում:
Նրա հետ համակարծիք է եղել նաև Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելին, ով շեշտել է, որ վերջին իրադարձությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են և լրջորեն վնասում են բանակցային գործընթացին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ընտրական գործընթացներին: ԱԺ նախագահը նշել է, որ 2012 թվականի մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն առաջընթաց արձանագրեցին նախորդների համեմատ, ինչը դրական գնահատականի արժանացավ նաև միջազգային կառույցների կողմից: Նրա համոզմամբ, առաջիկա նախագահական ընտրությունները նույնպես կանցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան և Հայաստանի իշխանությունները կանեն հնարավորը, որ ընտրությունները անցնեն ազատ, արդար և թափանցիկ:
ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները իրենց խոսքում նշել են, որ ԱԺ հայտարարությունը ընդունվել է քաղաքական կոնսենսուսով և Հունգարիայի ու Ադրբեջանի իշխանությունների արարքը վտանգում է ոչ միայն խաղաղությունը տարածաշրջանում, այլև բանակցային գործընթացը: Նրանք խստորեն դատապարտել են Սաֆարովին ներում շնորհելու Ալիևի հրամանը, նշելով, որ Ադրբեջանում խրախուսվում է այլատյացությունը, էթնիկ և կրոնական հողի վրա կատարված սպանությունը, իսկ հայատյացությունը այդ երկրում քարոզվում է պետական մակարդակով :
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ հայտարարության անգլերեն տարբերակը տրամադրվել է դեսպաններին:










































