ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաշիվ է բացել Foursquare աշխարհատեղակայման ծառայությունում: Այս մասին հաղորդվում է ծառայության միկրոբլոգում:
Նյութը գրելու պահին նրա միակ «չեքինը» եղել է Շարլոտ քաղաքի Time Warner Cable Arena սպորտային համալիրը, որտեղ նա պաշտոնապես առաջադրվել է որպես դեմոկրատների թեկնածու նախագահական ընտրություններում:
ԱՄՆ նախագահի Foursquare-ի էջում նշվում է, որ այն վարում են նրա նախընտրական քարոզարշավի աշխատակիցները: Օբամայի մրցակիցը՝ Միթ Ռոմնին, այդ ծառայությունից օգտվում է 2011թ. նոյեմբերից:
Բարաք Օբաման հաշիվներ ունի մի շարք հայտնի սոցցանցերում՝ Twitter, Facebook, Flickr և Pinterest: 2012թ. օգոստոսի 29-ին ԱՄՆ նախագահը պատասխանեց Reddit ռեսուրսի օգտատերերի հարցերին:







































