The Guardian-ը Facebook-ի իր էջում զետեղել է արտաքին հարցերով սյունակագիր Սայմոն Թիզդալի հոդվածը Ռամիլ Սաֆարովի ներման առնչությամբ Կովկասյան տարածաշրջանում տրամադրությունների սրման մասին: Ներկայացնում ենք ստորև.
«Հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով գլխատած Ադրբեջանի բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու ներումը Բաքվի կողմից բորբոքել է Հայաստանի և Ադրբեջանի հասարակական կարծիքը: Այդ ֆոնին պատերազմի տեսլականը Կովկասում այս շաբաթ կրկին բարձրացել է:
Սպիտակ տունը, Ռուսաստանը, Եվրամիությունը և ԵԱՀԿ-ն տեղափոխվել են «դիվանագիտական մարտական կայաններ» , քանզի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զայրացած նախազգուշացրել է. «Մենք պատերազմ չենք ուզում, սակայն եթե անհրաժեշտ լինի՝ կկռվենք ու կհաղթենք»:
Երկու երկրները թշնամության պատմություն ունեն: Լեռնային Ղարաբաղի համար մղված պատերազմը 1988- 1994 թթ. 30 հազար մարդու կյանք խլեց: Հակամարտությունը մնում է չուծված, այս ամառ գրանցվել է շփման գծում լարվածության սրում:
Կողմերի առճակատումից բխող Վաշինգտոնի և Մոսկվայի խուճապը քաղաքական և ռազմավարական հիմքեր ունի:
Շնորհիվ ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնիի ջանքերի՝ Ադրբեջանը վերջին տարիներին դարձել է դեպի Արևմուտք խոշոր նավթարդունահանող: Ամերիկյան և բրիտանական ընկերությունները, ներառյալ ExxonMobil-ը և BP-ն, մոտ 35 մլրդ դոլար են ներդրել Ադրբեջանի նավթագազային ոլորտի զարգացման գործում: Երկրի կարևորությունը այդ ոլորտում աճել է շնորհիվ նաև Արաբական գարնան, երբ Մերձավոր Արևելքում և նավթով հարուստ աֆրիկյան երկրներում նավթի արդյունահանումն ու արտահանումը գլխատվեց:
Իր հերթին, ՆԱՏՕ-ն Ադրբեջանի օդային տարածքով է իրականացնում դեպի Աֆղանստան մատակարարումները: Սպասվում է, որ այս տարի Ադրբեջանի ռազմական ծախսերը, որոնք ֆինանսավորվում են նավթի վաճառքից ստացված միջոցներով, կհասնեն 3,6 մլրդ դոլարի:
Կասպյան ջրավազանում արևմտամետ Ադրբեջանի տեղակայումը նույնպես նպաստել է այն բանին, որ Ադրբեջանը դառնա Իրանի դեմ պայքարում Օբամայի վարչակազմի գլխավոր դերակատարը:
Ադրբեջանի կառավարության կողմից քաղաքացիական , ընտրական և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ամերիկյան կողմի քնադատությունը համեմատաբար խլացված է: Դրա դիմաց Վաշինգտոնը ստանում է հետախուզական տեղեկություններ, ներառյալ՝ Իրանին առնչվող: Ի դեպ, Իրանի հյուսիս-արևմուտքում ավելի քան 20 միլիոն էթնիկ ազերի է բնակվում։
Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները ավելի նշանակալից են: Երկու երկրները անշեղորեն ընդլայնել են ռազմական կապերը. փետրվարին Բաքուն 1.6 մլրդ դոլար է ծախսել իսրայելական զենքերի վրա: Մարտին Ադրբեջանը ձերբակալեց 22 մարդու՝ Ադրբեջանի տարածքում ամերիկացի և իսրայելցի դիվանագետների դեմ իրականացված մահափորձերի կազմակերպման գործում Իրանի հետ համագործակցելու կասկածանքով:
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չեզոք դիրքորոշում ունի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, որը Իսրայելի կարծիքով՝ սպառնալիք է իր գոյությանը: Իրանա-ադրբեջանական հարաբերությունները խորը սառեցված են:
Հարստությամբ չփայլող Հայաստանն ունի ռազմավարական նշանակություն և հզոր կողմնակիցներ: Ռուսաստանը երկրի համար հանդիսանում է խոշոր զենք մատակարարող, հսկում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ Հայաստանի ցամաքային և օդային սահմանները: Այս տարի, հայ-ադրբեջանական լարվածության սրմանը զուգընթաց, աճել է ռուսական ավիացիոն թռիչքների ինտենսիվությունը (մարտական պատրաստության նպատակով) :
Հունիսին հայտարարվել էր, որ Ռուսաստանը կկրկնապատկի իր կազմը Գյումրիի ռազմաբազայհում, որի վարձրակալության ժամկետը երկարաձգվել է մինչև 2044 թվական: Գյումրին տուն է դարձել ռուսական S-300 հրթիռների և և ՄիԳ-29 կործանիչների համար: Ընդդեմ Ադրբեջանի՝ Իրանը հանդես է գալիս հաջակցություն Հայաստանի:
Այնքան էլ զարմանալի չէ, որ Բաքվի կողմից Սաֆարովին ներում շնորհելու, խրախուսելու և բանտում անցկացրած տարիների դիմաց վարձահատույց լինելու փաստն ու Հայաստանի կատաղի ռեակցիան տագնապ են առաջացրել բարձր մակարդակներում:
Սաֆարովին արտահանձնելու համար Հայաստանը Հունգարիայի հետ խզել է դիվանագիտական հարաբերությունները, Բարաք Օբաման խորին անհանգստություն է արտահայտել այդ ամենի առնչությամբ, Կրեմլը կոշտ քննադատության է ենթարկել Հունգարիային և Ադրբեջանին, ցուցարարները դուրս են եկել Երևանի փողոցներ, իսկ Հայաստանի ընդդիմությունը պահանջում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչում: Ի պատասխան՝ Ադրբեջանը Հայաստանի ռեակցիան «հիստերիկ» է անվանել և պնդում է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գաղտնի պատվիրել է Սաֆարովի սպանությունը:
Հակամարտող կողմերին ընդհարումից հետ պահելու միջազգային դիվանագիտական ջանքերը մինչ օրս աշխատել են, սակայն ավելի շատ՝ բախտի բերմամբ, քան շնորհիվ դատողության: Սաֆարովի գործը դեռևս ավարտված չէ: Դա ցավալի հիշեցում է այն մասին, որ «սառեցված հակամարտությունը» կարող է վերաբռնկվել սոսկալի արագությամբ, եթե բավական երկար ժամանակ անտեսված մնա:
Կողմերը մեկ անգամ չէ, որ հնչեցրել են, թե ուժի կիրառումը միայն կբարդացնի իրավիճակն ու տևական կդարձնի ժողովրդի տառապանքները: Դա անհերքելի ճշմարտություն է: Միակ բանը, որը կողմերը չեն ընդունում, խնդրի իրենց մասնաբաժինն է»:











































