Սեպտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ-ում շուրջ երկու տասնյակ անդամ երկրների հավատարմագրված դեսպաններին:
Ողջունելով դեսպաններին, ԱԳ նախարարը նշել է, որ այս տարի նշվում է ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության քսանամյակը և այս տարիներին Հայաստանն իր ակտիվ մասնակցությունն է բերել կազմակերպության գործունեության հիմքը կազմող բոլոր երեք հարթություններում և նպաստել կառույցի արդյունավետության և հեղինակության բարձրացմանը:
Նախարար Նալբանդյանը հավելել է, որ առավել քան տասը տարի գործող ԵԱՀԿ երևանյան գրասենյակը իր զգալի ներդրումն ունի Հայաստանում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների, քաղաքացիական հասարակության զարգացման, բնապահպանական խնդիրների լուծման գործում:
Դեսպանների խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունները, միջազգային օրակարգի խնդիրների վերաբերյալ մեր երկրի դիրքորոշումները, տարածաշրջանային հակամարտությունների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ քննարկումները կշարունակվեն նաև վաղը:











































