Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, այսօր կայացավ փաստաբան Արթուր Գրիգորյանն ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի հայցով գործի նախնական լսումը:
ՀՀ փաստաբանների պալատի անդամը դատարանում վիճարկում է իրեն կարգապահական տույժի՝ նկատողության ենթարկելու Փաստաբանների պալատի խորհրդի 2012թ. ապրիլի 6-ի որոշումը, որը կայացվել էր իր նախկին վստահորդ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիմումի հիման վրա:
Փաստաբանը նշում է, որ վերջինիս առաջին նույնաբովանդակ դիմումի հիման վրա հարուցված կարգապահական վարույթը կարճվել էր: Դիմումում նշվում է, որ փաստաբանն իբրև իր վստահորդին՝ Հ. Բագրատյանին, չի տեղեկացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի մերժման մասին: Արթուր Գրիգորյանը հերքում է այդ պնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրության մասին ինքը տեղեկացրել է Հ. Բագրատյանին:
Իսկ դատարանից փաստաբանը պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի 06.04.2012թ. թիվ 2-ԿԳ նիստի թիվ 2-ԿԳ/1-Ա որոշումը:
Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 8-ին:










































