Կաթնամթերքի տեղական արտադրատեսակներում պարբերաբար խախտումներ և կեղծարարություններ են հայտնաբերվում, ընկերությունները տուգանվում են, սակայն որոշ ժամանակ անց կրկին նույն ձևով շարունակում: Դեռ 2010 թ. դեկտեմբերին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պանրի մեջ էր սոդա և կաթի փոշի հայտնաբերել, անցած տարի դեկտեմբերին կրկին խախտումներ արձանագրվեցին, իսկ հիմա էլ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խանութներից վերցված նմուշներում 11 արտադրողների կաթի մեջ սոդա է հայտնաբերել:
Այսինքն՝ սպառողը մշտապես «կոտրած տաշտակի» առջև է և գործնականում զրկված է կաթնամթերքի ընտրության հնարավորությունից:
Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեն կարող հարց լուծել:
«Պատժվում է, բայց նույնը շարունակում է: Նշանակում է՝ խելքի չի գալիս: Բայց պատժամիջցը նպատակ չէ, առավել ևս պատժամիջոցը երբեք նպատակ չի տնտեսվարողին սնանկացնելու, այլ մեզ հարկավոր է, որ կարգի բերեն իրենց տեխնոլոգիան և ստանդարտներին համապատախանելու ցուցանիշները»,- ասաց Պողոսյանը:
Ըստ նրա՝ Սննդի անվտանգության ծառայությունը պետք է հետևի, թե ինչ է ձեռնարկվում կազմակրեպությունների կողմից թերացումները վերացնելու համար, և հրապարկի արդյունքները. «Հետևողականություն է պետք, ուրիշ՝ ոչինչ: Լուծումը մեկն է՝ հասարակական և պետական կառույցներն ավելի օպերատիվ իրար հետ աշխատեն»:








































