Ռուսաստանում ալկոհոլը չափազանց մատչելի է. դրա պատճառով ամեն տարի մահանում է շուրջ 500,000 մարդ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով բժշկական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Նեմցովին:
Նրա խոսքերով՝ արգելափակվում են բոլոր այն փաստաթղթերը, որոնք ի վիճակի են իսկապես ազդեցություն ունենալ ալկոհոլիզմը նվազեցնելու համար: Պրոֆիլակտիկ բժշկության պետական գիտահետազոտական կենտրոնի վերջին տվյալների համաձայն՝ ալկոհոլային կախվածությունն արդիական է 2 մլն մարդու համար: Իսկ սպիրտը չարաշահում է 30 մլն մարդ: Ընդհանուր թվից ալկոհոլից վաղաժամ մահվանը բաժին է ընկնում 12 տոկոս (տարեկան մոտ 352,000 տղամարդ և 135,000 կին):
Նեմցովն ընդգծում է, որ Ռուսաստանի համար առավել արդիական է հարբեցողությունը և ոչ թե ալկոհոլիզմը: Միջին վիճակագրական հարբեցողը՝ գյուղի կամ ոչ մեծ քաղաքի բնակիչ է, ոչ բարձրագույն կրթությամբ, որը սովորաբար խմում է թունդ խմիչքներ, հիմնականում օղի:









































