Երեկ «Մարկո Պոլո» սրճարանի շրջակայքից ոստիկանության աշխատակիցները` Կենտրոնի ոստիկանապետի տեղակալ Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ բերման էին ենթարկել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի տասը ներկայացուցիչների, ովքեր իրազեկում էին մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին: Բերման ենթարկված երիտասարդներն էին` Մարիամ Մուրադյանը, Հերմինե Մաթևոսյանը, Տաթևիկ Պողպատյանը, Սարգիս Գևորգյանը, Սարգիս Ղազարյանը, Արեգ Գևորգյանը, Սերգեյ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Գուրգեն Ասատրյանը եւ Հովհաննես Քիրամիջյանը:
Մինչեւ ուշ երեկոյան երիտասարդները Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում էին: Այնտեղ էին հավաքված ՀԱԿ ներկայացուցիչներն ու համակիրները, որոնց հետ նույնպես ոստիկանության ներկայացուցիչները մի քանի անգամ հրմշտոց հրահրեցին: Ավելի քան երեք ժամ ոստիկանության բաժանմունքում պահելուց հետո` Մարիամ Մուրադյանը, Հերմինե Մաթևոսյանը, Տաթևիկ Պողպատյանը ազատ արձակվեցին, իսկ տղաներին տարել էին նարկոդիսպանսեր, ապա նորից` ոստիկանության բաժանմունք: Տաթևիկ Պողպատյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ բերման ենթարկելու ժամանակ տղաների նկատմամբ բռնություն է կիրառվել, իսկ ոստիկանությունում արդեն շտապ օգնության մեքենան բավական ուշ` մեկ ժամ ուշացումով է ժամանել: Կեսգիշերին արդեն ազատ արձակվեցին նաեւ տղաները:
(Լուսանկարը և տեսանյութը` Արման Վեզիրյանի)











































