Грузия Online-ի փոխանցմամբ՝ եթե Վրաստանում զինծառայողը 16 տարի ծառայում է Վրաստանի զինված ուժերում, ապա նրա երեխաներն ամբողջովին կֆինանսավորվեն մագիստրատուրայում ուսում ստանալու համար: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին՝ ներկայացնելով Վազիանիի ռազմաբազայի պաշտպանական նոր հայեցակարգը:
Այդ բազայում Մերաբիշվիլին պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինի հետ հանդիպել է զինծառայողների ու նրանց ընտանիքի անդամների հետ: Պետական նոր հայեցակարգը նախատեսում է զինծառայողների մասին մտահոգություն՝ տարբեր տիպի արտոնություններ շնորհելով նրանց ու նրանց ընտանիքների անդամներին:
Մերաբիշվիլին հավելել է` եթե սպան զինված ուժերում մնում է 20 տարի, ապա նրա երեխաները կարող են անվճար սովորել ինչպես մագիստրատուրայում, այնպես էլ բակալավրիատում, մինչդեռ եթե զինծառայողի այդ փորձը կազմում է 16 տարի, ապա ֆինանսավորվում է նրա երեխաների ուսուցումը միայն մագիստրատուրայում:










































