Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման դեպքում Վրաստանը չեզոք դիրք կզբաղեցնի: Այդ մասին REGNUM-ի հետ հարցազրույցում ասել է Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ռոնդելին: Նրա խոսքով` Թբիլիսին հետաքրքրված է կայունությամբ թե´ աշխարհում, թե´ տարածաշրջանում, այդ իսկ պատճառով կներդնի բոլոր ջանքերը` իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար:
«Վրաստանը դեմ է տարածաշրջանում ցանկացած հակամարտության և փորձում է կանխել դրանց ի հայտ գալը: Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասում տիրի խաղաղությունն ու կայունությունը»,- ասել է Ռոնդելին` ընդգծելով, որ այդ դիրքորոշումը թելադրում են ոչ միայն մարդասիրական նկատառումները, այլև Վրաստանի պետական շահերը:
Խնդրանքին` մանրամասնելու, թե որքան է ունակ Վրաստանն իսկապես չեզոք լինելու հակամարտող երկու կողմերի հանդեպ և հետևելու Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ ռազմական չեզոքության կանոններին, Ռոնդելին պատասխանել է, որ բացարձակ իդեալական ոչինչ չի լինում, այդ թվում՝ ռազմական չեզոքության պահպանման հարցում: «Պետական մակարդակով մեր երկիրը կզբաղեցնի չեզոք դիրքորոշում»,- վստահություն է հայտնել վրացի փորձագետը:
Երկրի կողմից ոազմական չեզոքությունը նախատեսում է իր տարածքը որպես տարանցիկ ճանապարհ օգտագործելու հարցում հակամարտող կողմերին մերժում, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը կտրված կլինի իր հիմնական ռազմավարական դաշնակցից` Մոսկվայից:
Փաստացի, վրացական նման չեզոքությունը կհանգեցնի Հայաստանի շրջափակման և Ադրբեջանին անուղղակի աջակցության: REGNUM-ի թղթակցի դիտարկմանը, Ռոնդելին պատասխանել է. «Իսկապես շատ տհաճ իրավիճակ է: Սակայն այստեղ մի նրբություն կա. եթե ռուսները ցանկանան Հայաստան մտնել, նրանք կթքեն ամեն ինչի վրա ու կանեն դա: Ո՞վ նրանց կկանգնեցնի»: Հարցին, թե «կթքեն ամեն ինչի վրա» արտահայտության ներքո նա դիտարկում է Վրաստանի՞ն, փորձագետը պատասանել է. «Իսկ էլ ո՞ւմ»:









































