Առողջապահության ոլորտում ահագնացող ստվերի, անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ֆինանսական մուտքերի 4.4 տոկոս անկմանը նվիրված վարչապետի բոցաշունչ ելույթին կարծես թե հաջորդել են որոշ գործնական քայլեր: «Հրապարակ»-ը գրում է, որ ոլորտի պատասխանատուների հետ դարակազմիկ հանդիպման ընթացքում ընդունված որոշման համաձայն` երեկվանից մեկնարկել է ստվերի դեմ պայքարը: ՊԵԿ-ի մոնիտորինգի արդյունքներից հետո «բացահայտելով» որոշ հարկ չվճարողների գոյությունը, ստվերի դեմ պայքարի մարտիկները լծվել են գործի:
«Ուշագրավն այն է, որ ոչ թե 2012թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկի վերջում` 700-րդ հորիզոնականում հանգրվանած «Արմենիա» բժշկական կենտրոնից են սկսել, այլ համալսարանական փոքր կլինիկայից: Նշենք, որ հազար խոշոր հարկատուների ցանկում «Էրեբունի» բժշկական կենտրոնը 169-րդ հորիզոնականում է, ոչ պակաս խոշոր «Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոնը հայտնվել է 491-րդ տեղում, իսկ ծավալներով չզիջող հայտնի Հանրապետականը` «Արմենիա» բժշկական կենտրոնը` 700-րդ: Համեմատությունը պարզ նկարագրում է ստվերի առկայության մակարդակը բժշկական կենտրոններում: Եվ այսպես, ռևիզորները երեկ այցելել են թիվ 1 համալսարանական կլինիկա, որը պատկանում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանին: Վերջին մեկ տարվա ընթացքում այն ղեկավարել է ներկայիս առողջապահության նախարար, այն ժամանակ բժշկականի ռեկտոր Դերենիկ Դումանյանը, ով վարչապետի խրոխտ ժողովի ժամանակ խուսափեց թեմայի շուրջ բառ ասելուց` ներկայանալով իբրև բանից անտեղյակ: Թե ինչու են հարկահավաքները սկսել այս բուժհաստատությունից, կան տարբեր մեկնաբանություններ: Մի մասը կարծում է, թե քանի որ նախարարն է եղել նախկին ղեկավարը, բուժհիմնարկների միջև ստուգումների առումով խտրականություն չդնելու իմիտացիա է սա, վարկած էլ կա, թե Դումանյանի «քթին տալու» համար է: Բացի այդ, ամեն դեպքում նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը, երեկ մեզ հետ զրույցում հաստատելով ստուգումների փաստը, ասաց, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է: Առայժմ լաբորատորիայից են սկսել, և դեռ թերություն չի հայտնաբերվել:
Ավելացնենք, որ վարչապետի ջղային նիստից հետո առայժմ հրաժարականի դիմում է գրել միայն Արա Տեր-Գրիգորյանը: Ի դեպ, նրա պաշտոնը դեռ թափուր է»,- գրում է «Հրապարակ»-ը:









































