Հունգարիայի կողմից ցմահ դատապարտված ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու հետ կապված դատապարտող հայտարարություններ եղան տարբեր երկրներից ու կառույցներից:
Նախ` բավականին կոշտ արձագանք եղավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից, որը նույնիսկ հայտարարեց, թե Հունգարիան պետք է բացատրություն տա իր այդ քայլի համար: Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթընը և խոսնակ Մայա Կոչիյանչիչը նույնպես մտահոգություն են հայտնել Ռ. Սաֆարովին ներում շնորհելու համար: Թեև ուշացած, բայց եղավ նաև Ռուսաստանի արտգործնախարարության արձագանքը, որ մտահոգված են Ադրբեջանի կողմից մարդասպանին արդարացնելու և ազատելու, ինչպես նաև Հունգարիայի կողմից նրան արտահանձնելու որոշումներով: Արձագանքներ եղան նաև այլ երկրներից ու միջազգային կառույցներից: Եվ ընդհանրապես, Հունգարիայի կողմից Ռ. Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և Ի. Ալիևի կողմից նրան արդարացնելու քայլերը միջազգային մամուլի քննարկման առարկա են դարձել: Սակայն արդեն 5-6 օր է, ինչ աշխարհը ցնցած այդ դեպքի հետ կապված որևէ արձագանք չի եղել մեր անմիջական հարևան Վրաստանից, որն անընդհատ հայտարարում է Հայաստանի հետ բարեկամ լինելու և ԵՄ-ին անդամակցելու իր ցանկությունների մասին: Արձագանքներ չեն եղել նաև տարածաշրջանային և մեր երկրին անմիջապես սահմանակից մյուս երկու պետություններից՝ Իրանից ու Թուրքիայից: Վերջինս նույնպես պայքարում է ԵՄ-ին անդամակցելու համար: Եթե Թուրքիայի դեպքում դա ինչ-որ կերպ հասկանալի է, ապա Իրանի և հատկապես Վրաստանի դեպքում այն որոշակի բացատրությունների կարիք ունի: Թուրքիան Հայաստանին վերաբերող հարցերում միշտ էլ իր փոքր եղբայր Ադրբեջանի կողքին է եղել: Ավելին՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ռ. Սաֆարովն իր մարտական պատրաստվածությունն անցել է Թուրքիայում: Ազատ արձակվելուց հետո էլ նա շնորհակալություն է հայտնել Թուրքիային իրեն աջակցելու համար:
Մեր հարևան Իրանը Հայաստանի համար բարեկամական երկիր է: Իրանի հետ ՀՀ-ն ունի քաղաքական, տնտեսական ու բարիդրացիական հարաբերություններ: Բայց այդ երկիրը դեռ որևէ կերպ չի արձագանքել Հունգարիայի, առավել ևս Ադրբեջանի պահվածքին: ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանն Իրանի այդ պասիվությունը բացատրում է այն հանգամանքով, որ այդ երկրում ապրում են մոտ 20 մլն ադրբեջանցիներ: Եվ Իրանը չի ցանկանում հակաադրբեջանական հայտարարություն անելով՝ դժգոհության ալիք բարձրացնել նրանց մոտ: Հատկապես Իրանն ինքն այսօր այնքան խնդիրներ ունի արտաքին աշխարհի հետ, որ չի ցանկանում հավելյալ գլխացավանք ձեռք բերել:
Իսկ ինչո՞ւ Վրաստանի իշխանությունները որևէ կերպ չարձագանքեցին այդ դեպքերին: Փորձեցինք որևէ մեկնաբանություն ստանալ նախ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանից: Վերջինիս ասաց, թե հարմար չէ այդ պահին պատասխանել, ընդամենը ներկայացրեց այդ դեպքերի հետ կապված ՀՀ դեսպանատան հայտարարությունը: Վրաստանի նախագահի՝ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Վան Բայբուրդը «Ժամանակի» հետ զրույցում երեկ ասաց, թե ինքը Թբիլիսիում չէ և տեղյակ չէ, թե ինչ հայտարարություններ են հնչել մայրաքաղաքում: Նա ընդամենը հիշեցրեց, որ հայկական կազմակերպությունները բողոքի ակցիա են անցկացրել Թբիլիսիում Հունգարիայի դեսպանատան մոտ և խորհուրդ տվեց զանգել Վրաստանի Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Արմեն Բայանդուրյանին: Վերջինս պատգամավոր է ընտրվել Վրաստանի իշխող «Ազգային շարժում» կուսակցությունից: Նա նույնպես չկարողացավ ասել, թե վրացական իշխանություններն ինչու պաշտոնապես չեն արձագանքել այդ դեպքերին և նույնպես հիշեցրեց, որ Վրաստանի հայկական կազմակերպությունները բողոքի ակցիաներ են անցկացրել, որին մասնակցել են պատգամավորներ և ԱԺ նախագահի խորհրդականը: Իսկ ինչ քննարկումներ կան վրաց քաղաքական շրջանակներում ադրբեջանցի մարդասպանին արդարացնելու հետ կապված: «Մենք հիմա չենք հանդիպում, արձակուրդում ենք: Ես դժվարանում եմ ձեր հարցին պատասխանել: Պիտի խոսեք Վան Բայբուրդի հետ»,- ասաց Ա. Բայանդուրյանը:
Միգուցե Վրաստանն Ադրբեջանի հետ ավելի սերտ հարաբերություններ ունի, դրա համար էլ այդ երկիրը զգուշանում է դատապարտող հայտարարություն անելուց: «Տեսնում եք, թե ինչ հարցեր եք բարձրացնում: Այսպիսի հարցերից է, որ հետագայում վեճեր են լինում: Նման հարցադրումներ ինչո՞ւ եք անում: Ռուսաստանը պատասխանե՞լ է Ձեր տված հարցին: Ռուսաստանի արձագանքից գո՞հ էիք: Իսկ թե վրացական իշխանություններն ինչու չեն արձագանքում, ես ինչպես պատասխանեմ»,- ավելացրեց Ա. Բայանդուրյանը:
Ծնունդով Ջավախքից Շիրակ Թորոսյանը դեռ լավատես է, որ Վրաստանը կհասցնի արձագանքել: Բայց նրա ենթադրությամբ, այդ երկիրը մինչ այժմ չի արձագանքել, որովհետև Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի հետ նրա հարաբերություններն ավելի ջերմ ու ռազմավարական են: Վրաստանն այդ երկու երկրների հետ տարածաշրջանային տնտեսական լուրջ ծրագրեր է իրականացնում: Ընդ որում` այդ ծրագրերի արդյունքում ՀՀ-ն նաև Վրաստանի «աջակցությամբ» դուրս է մնում տարածաշրջանային ենթակառուցվածքներից: Վրաստանը նաև Ադրբեջանի նավթի ու գազի տարանցիկ արտահանող երկիր է: Վրաստանի տարածքով նավթի ու գազի խողովակներն անցնում են Թուրքիա, որտեղից էլ հասնում են Եվրոպա: «Բացի այդ, Վրաստանն ու Ադրբեջանը բավականին համերաշխ և համամիտ են տարածքային խնդիրների հետ կապված: Ինչպես Վրաստանն է մեղադրում Ռուսաստանին Աբխազիայի և Օսեթիայի հարցում, այդպես էլ Ադրբեջանն ունի Ղարաբաղի խնդիրը: Նրանք այդ հարցերով նույնպես միջազգային ատյաններում համագործակցում են իրար հետ: Եվ ընդհանրապես Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մեր փոխհարաբերություններում Վրաստանը երբեք հայամետ չի եղել: ՀՀ-ի հետ կապված նման հարցերում Վրաստանը միշտ պասիվ դիրքորոշում է ունեցել իր տնտեսական ու քաղաքական գործընկերներին չնեղացնելու համար»,- ասաց Շ. Թորոսյանը:









































