Ադրբեջանը ռևանշիստական ձգտումներ ունի, և նման իրավիճակում մենք պետք է սթափ հետևություններ անենք այն խնդիրների հետ կապված, որ առկա է մեր հասարակության ներսում: Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը:
Ամեն դեպքում, անկախ տրամադրություններից` մենք շարունակելու ենք հարևաններ լինել, բայց Ադրբեջանում, ըստ Գ. Արսենյանի, երեխաներին հակահայկական միտումներով են դաստիարակում, ինչը վտանգավոր կարող է լինել մեր սերունդների համար: Պատգամավորի խոսքով` պետք է փորձենք նայել ապագա զարգացումներին: Սփյուռքում և Ռուսաստանում նույնպես հայերն ապրում են ադրբեջանցիների հետ կողք կողքի:
«Սա ապտակ էր մեր էթնոսին և մեր պետականությանը: Բացի համապատասխան արձագանքից` պետք է նաև հետևություններ անենք, թե ինչպես այդ ապտակը ստացանք»,- ասաց Գ. Արսենյանը՝ նշելով, որ պետք է բարձրացնել պետական համակարգի կառավարման արդյունավետությունը:
Նրա կարծիքով` ադրբեջանական հասարակությանը պետք է սթափության կոչ անել, այլապես այնտեղ տեղի ունեցող զարգացումները կարող են բերել հասարակական խելագարության: Իսկ այդ առումով անընդհատ պետք է ուշադրություն դարձնել ՀՀ մարտունակության վրա:









































