Սիրիայում զինծառայության մեջ գտնվողները շարունակում են ծառայությունը սահմանված ժամկետից հետո ևս:
Օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սկսել է ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների զորահավաք:
Ի դեպ, տեղեկությունը տարածել էր «Աշ-Շարիք ալ-Աուսատ» օրաթերթը: Լրատվամիջոցը նաև հաղորդել էր, որ զինվորները մտնում են քաղաքացիների տները՝ իբր ստուգում անցկացնելու, և իրենց հետ տանում են զորակոչի տարիքի տղամարդկանց, այդ թվում` նաև նրանց, ովքեր արդեն վաղուց զորացրվել են:
Տեղեկությունները խուճապ առաջացրին Հայաստան տեղափոխված սիրիահայերի շրջանում, որոնք Սիրիայում թողել էին իրենց ամուսիններին և զավակներին՝ մտավախություն հայտնելով, որ վերջիններիս կհավաքագրեն:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ծագումով սիրիահայ, «Ազատ-Հայ» կայքի գլխավոր խմբագիր Հրաչ Քալսահակյանը տեղեկացրեց, որ սովորաբար Սիրիայում զորահավաք անցկացվում է տարվա մեջ երկու անգամ՝ մարտին և սեպտեմբերին, ուստի վերջին զորահավաքը տեղի է ունեցել մարտ ամսին: Սակայն, ըստ Քալսահակյանի, այս զորահավաքը հաջողությամբ չի անցկացվել, քանի որ այն շրջաններում, որտեղ կենտրոնացած էին ընդդիմադիրները, հայտարարություններ էին ուղղել իրենց համակիրներին` չմասնակցելու զորակոչին, իսկ սեպտեմբերի զորահավաքի մասին մտահոգությունները ավելի են, քանի որ ընդդիմության կոչերը` բանակին չմիանալու, ավելի են սաստկացել, և ավելի ընդարձակվել են այն տարածքները, ուր պետությունը չի կարող սովորական զորահավաք անցկացնել:
«Պաշտոնապես լրատվամիջոցներով չի հայտարարվել այն մասին, թե ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների զորահավաք է սկսվում: Պետությունն այդպիսի հայտարարություն պաշտոնապես չէր էլ կարող անել, որովհետև զինվորական ծառայությունը բոլորի համար հավասար է: Շատ տեղեկություններ են տարածվում, որոնք հավաստի չեն, ուստի, ամենայն հավանականությամբ, սա էլ դրանցից մեկն է: Այդպիսի հայտարարություն պարզապես չի կարող լինել: Զորահավաք հայտարարելու նույնիսկ անհրաժեշտություն չկա, քանի որ զորահավաքներ տարին երկու անգամ օրինավոր կերպով անցկացվում են»,- մանրամասնեց Քալսահակյանը՝ ճիշտ անվանելով այն տեղեկությունները, որ շատ զինծառայողների ծառայության ժամկետը լրանում է, բայց պետությունը նրանց առավել երկար ժամանակ է պահում բանակում, չի կարողանում ժամանակին ցրել, քանի որ անհրաժեշտ է այդ մարդկանց ծառայությունը:
Նա նաև նշեց, որ արձանագրվել է դեպք, երբ բանակում հայ զինվոր է կորել. խոսքը Քեսաբի շրջանից Խաժակ Ապելյանի մասին է, ով շուրջ երկու ամիս է` կորած է, և նրա մասին տեղեկություններ չկան. վերջին անգամ նա ընտանիքի հետ կապվել էր երկու ամիս առաջ` Հալեպում ծառայության ժամանակ, երբ նոր սկսել էր Ազատ բանակի ներխուժումը քաղաք:
Սիրիահայի փաստմամբ՝ պարտադրաբար մարդկանց չեն հավաքագրում. եթե զինծառայության մեջ են, շարունակում են ծառայությունը, բայց նոր տղամարդկանց չեն հավաքագրում: Ըստ նրա՝ եթե այդպիսի զորահավաք լիներ, հայերի շրջանից որևէ մեկը կահազանգեր այդ մասին, Aleppo Armenians Ֆեյսբուքյան խմբում կտեղեկացներ, այնինչ նման ահազանգեր չեն եղել:
Հրաչ Քալսահակյանի խոսքով՝ կա պարտադիր զինծառայություն, որը յուրաքանչյուրի համար է, անկախ նրանից` փոքրամասնության ներկայացուցիչ է, թե ոչ:











































