Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ցանցահենները «ջարդել են» քաթարյան Al Jazeera հեռուստաընկերության կայքը: Պատճառը «զինված ահաբեկչական խմբավորումներին աջակցելը, ստի տարածելն ու Սիրիայում իրադարձությունների մասին շինծու տեսանյութերի հեռարձակումն է», փոխանցում է Reuters-ը:
Կայքը «ջարդելու» պատասխանտվությունը ստանձնել է խումբը, որն իրեն անվանում է Al Rashedon: Կայքի արաբական տարբերակում հայտնվել է Սիրիայի դրոշը և ընթերցողներին ուղղված տեքստ, որում Al Jazerera-ի դիրքորոշումը քննադատվել է:
Ընդդիմադիր ակտիվիստները Twitter-ում ցանցահեններին մեղադրել են պաշտոնական Դամասկոսի կողմնակիցը լինելու մեջ: Al Jazeera-ն առայժմ չի խոսել այս մասին:
Սիրիայում իշխանությունների և ընդդիմադիր ուժերի զինված հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից: Ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար Ասադի հրաժարականը` կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային վայրագությունների մեջ: Պաշտոնական Դամասկոսը պնդում է, որ դեմոկրատական քողի տակ թաքնված են «զինված ահաբեկիչների խմբավորումներ», որոնց աջակցում են արտերկրի արմատական իսլամիստները:








































