Ճապոնիայի կառավարությունը որոշել է մասնավոր սեփականատերերից գնել Արևելաչինական ծովում մի քանի ոչ մեծ անմարդաբնակ կղզիները, որոնք տարածքային վեճի առարկա են Ճապոնիայի և Չինաստանի միջև: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը` հղում անելով ճապոնական ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ 26 միլիոն դոլարի գործարքը կնքվել է երկուշաբթի:
Սենկակու կղզիները (Չինաստանը դրանք անվանում է Դյաոյույտայ) Ճապոնիային են անցել XIX դարի վերջին` Չինաստանի դեմ պատերազմում հաղթանակելուց հետո: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզիները գտնվել են ամերիկյան օկուպացման ներքո, այնուհետև վերադարձվել Ճապոնիային: Չինաստանը կղզիները համարում է իր տարածքը և պահանջում դրանք հետ վերադարձնել։








































