«Առավոտ»-ը խմբագրականում հատվածներ է հրապարակել հայ գրող և բանաստեղծ Միքայել Նալբանդյանի ստեղծագործությունից. «…Մի բանի այդ կարգի և տեսակի վատթար մարդիկ, կղերի հետ միացած, յուրյանց ձեռքը ձգելով ազգային ջարդ ու փշուր լաստի ղեկը, առանց օրինավոր հոգաբարձության, առանց մաքուր խղճմտանքի և միմիայն յուրյանց անձնական շահին, ախտերին և կրքերին ծառայելով, ոչ միայն հառաջ չէին մղում այդ կիսակործան և ալետանջ լաստը, ոչ միայն փույթ չունեին գոնե մի խաղաղ ծովածոցի կամ նավահանգստի մեջ նորան ապահովելու, այլև քակում էին և խլում էին այդ լաստից այսօր այս փայտը, վաղը այն երկաթը, երրորդ օրը` մյուս չվանը և յուրյանց չար օրինակներով և գործերով ուրիշներին ևս տեղիք տալիս ու հրավիրում նույնը գործելու ազգի իսպառ կործանության համար:
…Ի վերջո, թշվառության բաժակի տակ բան չմնաց, սրածություն, գաղթականություն, հակամայիցն կրոնափոխություն, ավեր, հափշտակություն, շնորհավաճառություն, և այլն, և այլն, յուրյանց բոլոր դժոխային արբանյակներով թափվեցան ազգի վերա:
…Կանչեցե’ք օրագիր հրատարակողները, ճնշեցե’ք, խե’ղդ դրեք, ձեռագիր առե՛ք, որ բան չգրեն, լռեն, համրանան, պապանձվին, կուրանան, չտեսնեն, չլսեն, խլանան, մի խոսքով, քար և փայտ դառնան (որովհետև անասունն անգամ տեսնում է, ինչ որ նորա աչքի առջև է գործվում), օրագիր հրատարակողքն են ազգը տակ ու վեր բերողքը:
…Կոտորեցե’ք այդ հայելին, որ իմ ճիվաղադեմ կերպարանքը ամեն օր ինձ ցույց է տալիս, փշրեցե’ք նորան… թող վերջապես ազգը մեռնի ու գերեզման դրվի, միայն… միա~յն… Միայն թե մեր բանին չխառնվին, մեր մասին չգրեն, մեզ չդատապարտեն, մեր կամքը իբրև Մովսեսի պատգամ ընդունեն, «մեր ըրածին կամ ընելիքին վրա չխոսին»…
Իսկ Ձեր «չըրածին և չընելիքին վրայ» կարելի՞ է խոսել, սքանչելի~ դեկավարք ազգային վարչության. «Անիկա էլ մեր գիտնալու բանն է… Փառք աստուծու, ի՞նչ է եղեր, օրե օր ազգերնիս կհառաջադիմե կոր (գիտենք, կդիմե, բայց դեպի կործանումն), քիչ մը պակասությունք կան եղեր… ո՞ւր տեղ չկա, անոնք ալ կամաց-կամաց կշտկվին…»:










































