Ֆրանսիացի հայտնի մոդելագործ Պիեռ Կարդենը որոշել է հանդես գալ որպես ճարտարապետ` ներկայացնելով շքեղ երկնաքերի նախագիծ, որը նա ցանկանում է կառուցել Վենետիկի մերձակայքում: Սակայն, պարզվել է, որ իտալացիները հիացած չեն նրա այս գաղափարով:
Խոսքը 244 մ բարձրություն ունեցող շինության մասին է, որն անվանվել է «Լույսի ամրոց»: Կարդենն այս նախագիծը ներկայացրել է Վենետիկում ճարտարապետական ցուցահանդեսի ժամանակ` առաջ բերելով ոչ միանշանակ վերաբերմունք:
«Լույսի ամրոցում» տեղակայված է լինելու մոդայի համալսարան, շքեղ հյուրանոց, առևտրի կենտրոն, մեծ կինոսրահ, հիվանդանոց և այլն: Նախագիծը գնահատվել է 3 միլիարդ դոլար: Ընդ որում՝ Կարդենը պատրաստ է ներդնել 1,68 միլարդ դոլար:
Իտալացիների կարծիքով` հսկայական երկնաքերը կփչացնի քաղաքի տեսքը: Դրա հետ մեկտեղ Կարդենի նախագծի սատարմամբ հանդես է եկել Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնին: Նրա կարծիքով՝ երկնաքերը չի փոխի քաղաքի պատկերը:







































