«Մենք ակնկալում էինք համագործակցություն իշխանությունների հետ հանուն ժողովրդի և հանուն ճշմարտության: Մենք 18 կետից բաղկացած վերջնագիր էինք ուղարկել նախագահական և ակնկալում ենք մինչև 28-ը պատասխան, եթե պատասխան չստացանք, ապա կարմիր քարտ ենք ցույց տալու իշխանություններին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:
Մեր հարցին, թե ի՞նչ է ենթադրում «կարմիր քարտը», Կարպետյանը պատասխանեց. «Անվստահություն իշխանություններին և արտահերթ ընտրություններ, բայց, ի տարբերություն ՀԱԿ-ի, մենք սկզբից պահանջելու ենք խորհրդարանական, հետո նոր նախագահական ընտրություններ»:
Կարապետյանը նշեց, որ եթե իշխանությունները իրականացնեն իրենց կետերը, ապա իրենք նոր կետեր կավելացնեն:
Անդրադառնալով այն լուրերին, թե Տիգրան Կարապետյանի գլխավորած շարժումը իշխանական պրոյեկտ է՝ Կարապետյանը նշեց, թե ինքը ժողովրդին ցույց է տվել, որ ազնիվ է և ոչ մի կոալիցիայի մեջ չի եղել. «Ես հպարտանում եմ, որ հայ ժողովրդի զավակն եմ, իսկ թե ով ում պրոյեկտն է, ապա թող դրսի փողերով չափեն ու իրենց մասոնական տարբեր պատկանելությամբ»:









































