Վաշինգտոն նահանգի Սեկիմ քաղաքում գտնվող արտասովոր ֆերման՝ Olympic Game Farm-ը, նշում է հիմնադրման 40-ամյակը: Այն կառուցվել և հանրության առջև դռները բացել է 1972 թվականին: Հիմնադիրների նպատակը եղել է Հոլիվուդյան ֆիլմերում նկարահանված և թոշակի անցած կենդանիներին ապաստան տրամադրելը, և զբոսաշրջիկներին նրանց հետ շփվելու հնարավորություն տալը:
Olympic Game Farm-ը դարձել է բազմաթիվ կենդանիների՝ զեբրերի, բենգալյան վագրերի, աֆրիկյան առյուծների, կուգուարների, հովազների, արջերի, շների, լամաների, եղնուղտների, ամերիկյան բիզոնների, գայլերի և եղջերուների տունը:
Olympic Game Farm-ի տարածքում նկարահանվել են մի քանի «դիսնեյան» մուլտֆիլմեր՝ «Անհավանական ուղևորություն»,«Չառլի՝ միայնակ կուգուար»,«Մի՛ կանչիր գայլերին» և «Անգործները»: Travel-ի փոխանցմամբ՝ նկարահանումներն այստեղ ավարտվել են դեռևս 1990-ականների վերջերին:
Olympic Game Farm-ն աշխատում է տարվա բոլոր օրերին՝ բացի Սուրբ Ծննդյան և Գոհաբանության տոներից: Տոմսերի գինը տատանվում է 5-15 դոլարի սահմանում:











































