Վաղուց պատմական փորձով համոզվել ենք, որ պետություններն առաջնորդվում են իրենց տնտեսական, քաղաքական շահերով, հայտարարվող արժեքների վրա թքած են ունենում: Վաղուց, որպես ժողովուրդ, դրանից պետք է հետևություն արած լինեինք և այդ մտածողությունը պետք է պետական հիմքերի վրա դրած լինեինք. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով օրեր առաջ հայասպան ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը (էքստրադիցիային):
Նա հիշեցրեց, որ իսրայելցի մի զինվորի սպանությունը պետական հստակ քաղաքականության է վերածվում, միլիոնավոր դոլարներ են ծախսվում, դա դարձել է նորմալ վարքագիծ: Ըստ նրա՝ ինչքան էլ մենք հայտարարված սկզբունքները մեջտեղ բերենք, պետք է մեր շահերով առաջնորդվենք, իսկ դա անելու համար մեր ներքին խնդիրները պետք է լուծած լինենք:
Աղվան Վարդանյանի խոսքերով՝ Ադրբեջանի և Հունգարիայի նման վարքագիծը հարցականի տակ է դնում բանակցությունները շարունակելու նպատակահարմարությունը: Նա նաև հավելեց, որայս ամբողջ գործարքն իրականացվել է Թուրքիայի ակտիվ աջակցությամբ, ուստի պետք է նաև անդրադառնալ հայ-թուրքական հարաբերություններին և արձանագրություններին:
«Պետք է այս կարգի խնդիրները լուծելուն ընդունակ պետական քաղաքականության կազմակերպում: Այն, ինչ կատարեց նախագահը, վճռական և սկզբունքային էր, մեր պետության և ժողովրդի արժանապատվության դիրքերից էր, բայց նաև ուշացած էր:
Հիմա մեր արտաքին գերատեսչությունն արդարանում է, բայց կա երկու խնդիր, ուրեմն այնքան ուժեղ չեն եղել, որ կարողանան պարտադրել, որ իրենց լսեն: Այս հրապարակային հայտարարությունները, ահազանգերը կարելի էր հրապարակայնացնել, հանդես գալ մտահոգությամբ, ահազանգով, որ նման բան հնարավոր է: Այս դեպքում կզգուշանար Հունգարիայի կառավարությունը:
Նախագահը հրավիրեց էր մոտ 35 դեսպանների և փոխանցեց իր խոսքը՝ ակնկալելով հստակ վերաբերմունք: Առաջին անգամ հստակ ասվեց, որ դատարկախոսությունները պետք չեն: Անցել է չորս օր, այդ հրավիրված երկրներից այս կամ այն կերպ արձագանքել են երեքը՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, ԱՄՆ պետքարտուղարությունը, Ֆրանսիան: Մյուս եվրոպական կառույցների ներկայացուցիչների արձագանքները հետևյալ բնույթի էին, որ այս իրադարձությունների պատճառով բանակցային գործընթացը չտուժի:
Այն արձագանքը, որը սպասում էր նախագահը, չեմ տեսել: Սա խոսում է մեր պետության ազդեցության, հեղինակության, կշռի մասին: Մինչև չդառնանք ազդեցիկ գործոն տարածաշրջանում, որևէ մեկը մեր անցյալի, քրիստոնեության համար չի գնահատելու: Առաջիկայում Հայաստանը պետք է կարողանա հստակ քայլեր ունենալ: Սա պետք է անել հրապարակային պայմաններում»,- մանրամասնեց իր տեսակետը Աղվան Վարդանյանը:
Խոսելով վաղը հրավիրված ԱԺ արտահերթ նիստի մասին՝ նա ասաց, թե չափազանց կարևոր է, որ մեր ԱԺ-ն, անկախ իր տեսակից, կարողանա անել պետության բարձրագույն մարմնին վայել հայտարարություն: Նրա խոսքերով՝ հիմա խմբակցություններն աշխատում են ներկայացվելիք նախագծի վրա:
Հարցին, թե պե՞տք է բարձրացնել արտգործնախարարի հրաժարականի հարցը, Ա. Վարդանյանը պատասխանեց, թե սա այն դեպքն է, որ միայն արտգործնախարարության խնդիրը չէր, այլ մի քանի գերատեսչությունների:
«Էդվարդ Նալբանդյանի վերադարձից հետո ԱԺ-ում պետք է կազմակերպվի հաշվետվություն, թե ինչ են արել այս ուղղությամբ, այս մանրամասներին տիրապետելուց հետո կկարողանան քաղաքական ուժերը դիրքորոշում հայտնել: Այն, ինչ հայտարարվեց Անվտանգության խորհրդի նիստում, բավական է, որ ներքին առումով դիտարկենք ու հասկանանք, թե ինչ է կատարվել: Հրաժարական պահանջելն ավելի կարևոր չէ»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Անդրադառնալով նախագահական ընտրություններին՝ նա ասաց, որ հավանական չի համարում միասնական թեկնածուով ընդդիմության հանդես գալը, քանի որ, նրա կարծիքով, Հայաստանում ընդդիմություն ասվածը շատ խառն է:
«Մենք առաջարկում ենք խնդիրների խումբ, որոնց առաջ կանգնած է Հայաստանը, որոնց լուծման դեպքում նորմալ պետություն կդառնանք: Մինչև մենք այս խնդիրները չառաջադրենք՝ անիմաստ է խոսել անձերի մասին»,- նկատեց Աղվան Վարդանյանը:








































