Հայտնի ֆրանսիացի դերասան Պիեր Ռիշարը երկուշաբթի երեկոյան Պետերբուրգում հանրությանը ներկայացրել է իր գինիների հավաքածուն:
«Ես հաճախ եմ Ռուսաստան եկել, իսկ այսօր ուրախ եմ այստեղ գտնվելու և ձեզ իմ գինին ներկայացնելու համար: Ինձ հաճելի է մտածել, որ երեկոյան մարդիկ կխմեն իմ գինին և կմտածեն իմ մասին: Իսկ եթե դա տեղի ունենա իմ ֆիլմը դիտելուն զուգահեռ, ես կրկնակի հաճույք կստանամ: Ես գինեգործ եմ սիրո, այլ ոչ բիզնեսի համար: Դա ուժեղ զգացմունք է»,- ասել է Ռիշարը հավաքված հանրությանը:
Նա պատմել է, որ անգամ չի էլ մտածել գինեգործ դառնալու մասին: Նրա հետաքրքրությունը պատահական է ծնվել, զբոսանքի ժամանակ, երբ նա անցնելիս է եղել խաղողի այգու մոտով: Տեղի խաղողագործն այնպիսի խանդավառությամբ է նրան պատմել իր գործի մասին, որ դերասանը երկու ամիս անց անցել է նոր մասնագիտությունն ուսումնասիրելուն:
«Եվ միայն հիմա, 27 տարվա աշխատանքից հետո ես սկսում եմ ինչ-որ բան հասկանալ այդ մասնագիտությունից»,- ժպտալով խոստովանել է դերասանը:











































