Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օրակարգում է Վանի նահանգի Յոթի եկեղեցու վերականգնման հարցը: 7 առանձին եկեղեցիներից բաղկացած այդ համալիրը կառուցվել է 8-րդ դարում:
Նշվում է, որ Յոթի եկեղեցու առաջնային հատվածը փլուզվել է նախորդ տարվա հոկտեմբերի 23-ին Վանի նահանգում գրանցված ավերիչ երկրաշարժի հետևանքով, որի ուժգնությունը կազմել է 7.2 մագնիտուդ: Ներկայումս եկեղեցին գտնվում է լիակատար փլուզման շեմին:
Եկեղեցու վերականգնման ու վերանորոգման հարցը հայտնվել է Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության օրակարգում, սակայն հարցի լուծման համար խնդիրներ են ծագել, քանի որ անհայտ է, թե որտեղ է գտնվում եկեղեցու հողատարածքի սեփականատիրության վկայականը: Ներկայում համապատասխան աշխատանքներ են տարվում այն հայտնաբերելու ուղղությամբ:
Նշվում է, որ Յոթի եկեղեցին վերոնշյալ ավերիչ երկրաշարժից հետո անվտանգության նկատառումներով երկար ժամանակ փակ է եղել և միայն խիստ անհրաժեշտության դեպքում է բացվում զբոսաշրջիկների համար:










































