«Մինչև Ռամիլ Սաֆարովը ետ չգնա, ոչ մի բանակցություն Ղարաբաղյան հարցի շուրջ չպետք է լինի: Այլ լծակ մենք չունենք: Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցումը ոչինչ չի տալիս, միայն վնաս է»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ-ական պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ այսպիսի առիթ երազել կարելի էր:
Խոսելով այս տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների մոտ 40% նվազման մասին՝ Բագրատյանը նշեց, որ տարին կփակենք 600 մլն դոլար ներդրումով: Ըստ նրա՝ 10 տարի ետ գնալու դեպքում և հավելելով դոլարի տարեկան 4% արժեզրկումը, կստացվի 2002 թ. 320-330 մլն դոլարի ներդրում է եղել, իսկ 1996-ին մոտ 300 մլն դոլարի ներդրում ենք ունեցել:
«Սա է զարգացումը: Երկնիշ թվով զարգանում ենք, բացարձակ թվով՝ պակասում: Բյուջեն դարձել է 2 մլրդ դոլար այս ամենի արդյունքում: Բյուջեի ֆինանսական աճի 70%-ը ԱՊՊԱ-ն է: Միայն կուտակայինը մյուս տարի կտա 8% աճ: Մեր ՀՆԱ-ն, աճելով վերջին 3 տարում, բացարձակ թվով ավելի պակաս է, քան 3 տարի առաջ»,- ասաց Հ. Բագրատյանը:
Նա նշեց, որ անցած տարի ՀՆԱ-ն 4.6% էր, այն էլ՝ մետաղական հանքարդյունաբերության հաշվին: Այս տարի կունենանք մոտավորապես նույն պատկերը, իսկ հանքերը հանած՝ մոտ 3%, որն ավելի փոքր է, քան համաշխարհային միջինը, և աշխարհի ու ՀՀ տնտեսության միջև անդունդը շարունակում է մեծանալ. «Դրա լավ վկան է, որ ուժեղանում է բևեռացումը՝ հօգուտ հարուստների»:
2012 թ. հունվար-հունիսին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 266.1 մլն.դոլար, որը 2011 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 39.4%-ով։








































