Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջան, Ուկրաինա և Բոսնիա-Հերցեգովինա կատարելիք այցերից հետո մեկնելու է նաև ԱՄՆ: Այնտեղ նա Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին և մտադիր է ելույթ ունենալ դրանում:
Ակնկալվում է, որ Նյու Յորքում Էրդողանը հանդիպելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և այլ պաշտոնատար անձանց հետ: Չի բացառվում, որ նստաշրջանի շրջանակներում Էրդողանը բանակցություններ վարի նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Նախորդ տարիներին Թուրքիան ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջաններում մշտապես ներկայացված էր լինում նախագահի մակարդակով: Սակայն այս տարի բժիշկները նախագահ Աբդուլլահ Գյուլին արգելել են զբաղվել ցանկացած տիպի գործունեությամբ, որը կարող է խորացնել նրա հիվանդությունը: Այդ արգելքը վերաբերում է նաև թռիչքներին:
Ավելի վաղ Գյուլն իր հիվանդության պատճառով չեղյալ էր հայտարարել լատվիական այցը և վաղաժամ դադարեցրել էր ղրղըզական այցը: Նույն պատճառով նա ստիպված է եղել հրաժարվել Շվեդիա այցելելուց և սեպտեմբերի 19-26-ը կայանալիք իր ամերիկյան մեծ շրջագայությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Էրդողանը Բաքու է այցելելու սեպտեմբերի 11-12-ը:








































