Թեև շատերին է զարմացրել կամ հետաքրքրել Ռուսաստանի լռությունը Սաֆարովի թեմայով, բայց իրականում այդ լռությունն առավել քան խոսուն է, և սրանից հետո այդ թեմայով երևի թե ինչ էլ որ ասի Ռուսաստանը, միևնույն է, ավելի ուժգին է լինելու առաջին օրերի նրա լռությունը:
Հայաստանի այսպես կոչված ռազմավարական դաշնակցի ու անվտանգության երաշխավորի փաստաթղթային կարգավիճակը ենթադրում էր, որ Սաֆարովի վերաբերյալ Ադրբեջանի և Հունգարիայի որոշումների մասին առաջին հայտարարությունը պետք է գար Կրեմլից: Այլևս կարևոր չէ, թե ինչ կասի Ռուսաստանը: Ինչ ուզում է, թող ասի: Իր լռությունը Մոսկվան կարող է փոխարինել միմիայն որևէ գործողությամբ, որն ուղղված կլինի Ադրբեջանի դեմ: Ինչպիսին կլինի այդ գործողությունը` թող որոշի Կրեմլը: Գուցեև մինչ այժմ լռում էին, որովհետև զբաղված էին գործողության մասին մտածելով: Ավելի լավ, եթե բանը դա է: Թեև, մեղմ ասած, քիչ հավանական է, որ բանը դա է: Եվ դրա մասին վկայում է թե՛ Ռուսաստանի առաջին լռությունը, թե՛ Հայաստանի առաջին արձագանքը:
Հայաստանում արտերկրի դիվանագետների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը դիմում էր Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին՝ Արևմուտքին, անուղղակի հորդորելով հստակեցնել դիրքորոշումը կատարվածի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը երկու անգամ ընդգծեց Հունգարիայի` Եվրամիության և ՆԱՏՕ անդամ լինելու հանգամանքը: Թվում է, որ այստեղ կա դեմարշ Արևմուտքի դեմ: Իրականում թերևս առկա է հակառակ հանգամանքը: Արևմուտքին ուղղելով այդ խոսքերը` Սերժ Սարգսյանը թերևս կոչ էր անում հստակ դիրքորոշում հայտնելով` ջրի երես հանել Ռուսաստանի դիրքորոշման «անհստակությունը», Ռուսաստանի լռությունը: Հասկանալի պատճառներով Հայաստանի իշխանության համար, մեղմ ասած, դժվար է որևէ լուրջ բան պահանջել Ռուսաստանից: Լավ է դա թե վատ, ով է այդ իրավիճակի և անկարողության համար պատասխանատու` այլ հարց է: Իհարկե առաջին և թերևս միակ պատասխանատուն հենց Հայաստանի իշխանությունն է: Բայց դա այլ թեմա է: Տվյալ պարագայում կա իրողությունը, և այդ իրավիճակում Սերժ Սարգսյանն Արևմուտքին դիմելով, Արևմուտքին արձագանքի հորդորելով` թերևս նպատակ էր հետապնդում դրանով ի ցույց դնել Ռուսաստանի պատասխանատվությունը, ինչի մասին չէր կարող հայտարարել ուղղակիորեն: Պատահական չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ արագ արձագանքեց այդ հորդորին և բավական միարժեք գնահատական տվեց կատարվածին, ինչի ֆոնին առավել քան ցցուն դարձավ Ռուսաստանի «թաքստոցը»:
Դատելով որոշակի արձագանքներից` ակնհայտ է, որ կա տեղի ունեցածի համար Արևմուտքի պատասխանատվությունը շեշտելու միտում: Սերժ Սարգսյանի արձագանքը առաջին հայացքից տպավորություն է ստեղծում, որ պաշտոնական Երևանն էլ տրվում է այդ միտմանը և հարցեր դնում Արևմուտքի առաջ: Սակայն խորքային իմաստով դա ավելի շատ հիշեցնում է գուցե ուղղակիորեն չհամաձայնեցված, բայց միևնույն ժամանակ լավ փոխհասկացվող խաղ Սարգսյանի և Արևմուտքի միջև, որի արդյունքում առավել քան շոշափելի է դառնում Ռուսաստանի «խաղից դուրս լինելն» ու լրիվ այլ խաղ խաղալը: Չի բացառվում նաև, որ հենց դրա համար էլ Արևմուտքը չի էլ փորձել կանխել այսպես ասած իր ֆորմալ անդամ Հունգարիայի իշխանության որոշումը` պատկերացնելով, որ այդ որոշումն իրականում ոչ թե Հայաստանի և Արևմուտքի, այլ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունն է դնելու շատ կոնկրետ փաստարկված հարցականի տակ, որքան էլ որ առերևույթ հարցադրումների սլաքներն ուղղվեն դեպի Արևմուտք: Երևի թե կասկած չկա, որ Հունգարիայի հետ աշխատելու ունակ «ընկերներ» ունի ոչ միայն Պուտինը, այլ նաև Արևմուտքը, ու այդ «ընկերները» միանգամայն ի զորու կլինեին կանխարգելել «Սաֆարով» օպերացիան: Սակայն ակնհայտ է, որ դա չի արվել, ու ակնհայտ է նաև, որ չի արվել Ռուսաստանի քաղաքականության գլխին հերթական անգամ թակարդի շրխկոցը չկանխարգելելու համար:










































