«Հունգարական դատարանի կողմից ես ճանաչվել եմ տուժող կողմ, այժմ այս պետությունը իրավական պարտավորությունները չի կատարել, որի համար պատրաստվում եմ մինչև վերջ պայքարել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գուրգեն Մարգարյանի հետ Բուդապեշտ մեկնած Հայկ Ծիրունյանը, ով նաև Գուրգենի մտերիմ ընկերն էր:
Նա ասաց, որ Գուրգենին սպանելուց հետո մարդասպանը կացնով հարվածել է նաև իր դռանը, սակայն այն կողպված է եղել: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել է ոչ միայն Գուրգեն Մարգարյանի սպանության, այլև Հայկ Ծիրունյանի հանդեպ սպանության փորձ իրականացնելու համար. «Մենք հունգարական կառավարությանն ասացինք, որ եթե Սաֆարովը չստանա իր արժանի պատիժը, ապա հայերը կիրագործեն վրեժը: Դատավճիռ ընդունելիս կարծես թե նրանք հաշվի առան այս փաստը, սակայն կատարվածն ամեն ինչ գերազանցեց»:
Նա նաև ասաց, որ հիմա աշխատում է ՊՆ-ի իրավաբանների և պաշտոնական գերատեսչությունների հետ, որպեսզի կարողանա ճշտորեն հայցը ներկայացնել միջազգային դատարան:
Բանախոսը ասաց նաև, որ, ցավոք սրտի, Հունգարիան դարձավ Ադրբեջանի հանցակիցը. «Սա ցինիզմ է արդարադատության հանդեպ: Դեռևս դատարանում ադրբեջանցիները փորձում էին պղտորել ջրերը, սակայն հունգարացի սպան, ով Գուրգենի հետ մի սենյակում էր, ներկայացրեց ողջ ճշմարտությունը: Այժմ մենք կգործենք մեր արդարադատության համաձայն»:











































