Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը նախօրեին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնված ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին շնորհել է մայորի զինվորական կոչում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, ասվում է այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Սաֆարովին, շնորհավորել Ադրբեջան վերադառնալու ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից համաներման արժանանալու կապակցությամբ:
Սաֆարովին մայորի կոչում շնորհելով` Աբիևը նրան հաջողություններ է մաղթել ռազմական ոլորտում իր հետագա գործունեությունում:
Սաֆար Աբիևը գնահատել է Սաֆարովի քայլը (հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելը.- 1in.am)` որպես ադրբեջանական ժողովրդին մատուցած աննախադեպ ծառայություն:
Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին:
Երկու սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին՝ ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի:










































