«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Կարծում եմ Հունգարիայի ծախու իշխանության երևանյան ներկայացուցչության վրա պետք է նետել ոչ թե լոլիկներ, այլ մանրադրամ` ավելի սազական է… Սա 30 արծաթի պատմությունն է, քանի որ հանուն Հունգարիայի իրենց արյունն են թափել ոչ թե ադրբեջանցի այլ հայ զորավարները և զինվորները, հանուն Հունգարիայի փառքի իրենց եռանդն ու ջանքերն են ներդրել հայ, այլ ոչ թե թուրք կամ ազերի գործիչները: Ահա նրանց անունները.
Կիշ (Գիշ), Էռնե (1799-1849թթ.), հունգարական հեղափոխության հերոս և զորավար, հայկական հնագույն Ադոնց տոհմից, ծառայության ընթացքում հասել է գնդապետի աստիճանի, եղել Հաննովերյան հեծելազորային գնդի հրամանատարը: Հունգարական ազգային-ժողովրդավարական հեղափոխության սկսվելուն պես հեղափոխականների տրամադրության տակ է հանձնել իր ողջ ունեցվածքը` 6-7 միլիոն ֆլորին: 1848թ.-ին դարձել է գեներալ, հեղափոխական զորքերի հրամանատար: Հեղափոխության պարտությունից հետո ձերբակալվել է և գնդակահարվել 12 այլ հերոսների հետ, որոնց թվում էր նաև մեկ այլ հայազգի հեղափոխական առաջնորդ` Վ.Ղազարը: Հունգարիայում տեղադրվել է Կիշի հուշարձանը, նրա անվամբ են կոչված փողոցներ բազմաթիվ քաղաքներում: Սակայն զարմանալի չի լինի, եթե այսօրվա հունգարական ղեկավարությունը ադրբեջանական 30 արծաթի դիմաց քանդի այս հուշարձանը և դրա փոխարեն կանգնեցնի Հեյդար Ալիևինը, իսկ ևս մի քանի արծաթի դիմաց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան` այդ երկրի նախագահ Յանոշ Ադերի ձեռքը բռնած ամեն օր աշխատանքի գնալուց թարմ ծաղկեպսակներ տանեն իրենց հոգևոր հոր այդ հուշարձանին:
Ստորև ներկայացնում ենք ևս մի քանի հայերի անուններ, ովքեր ծաղկեցրել են Հունգարիայի պատմությունը.
Լուկաշների (Լուկաչյան, Ղուկասյան) արիստոկրատական գերդաստանը Տրանսիլվանիայում և Հունգարիայում XVII—XX դարերում: Նրանց նախնինները այստեղ են եկել Անիից: Յոթնամյա պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցության համար Ավստրիական Մարիա Թերեզա թագուհին շնորհել է Լուկաշներին (Իսահակին, Ղազարին, Ղուկասին և Հակոբին)արիստոկրատական տիտղոս: Լուկաշներից է նաև հունգարական պետական գործիչ, Հունգարիայի մշակույթի նախարար (1905-06թթ.) Գեորգիյ Լուկաշը:
Գերգել Պատրուբան (Գևորգ Պատրուբանյան, 1830թ.) – շիջուկացման մասնագետ, բժիշկ-հիգիենիստ, Հունգարիայի հիգիենիկ խորհրդի անդամ, Բուդապեշտի բժիշկների թագավորական ընկերության քարտուղար, խորհրդարանի պատգամավոր: 1869թ. դարձել է թագավորի խորհրդական:
Գերգեյ Յանոշի Չիկի – հայկական ծագում ունեցող հունգարացի գրող, դրամատուրգ, Հունգարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, նրա անունն են կրում մի փողոց Բուդապեշտում և Կապոշվար քաղաքի դրամատիկական թատրոնը: Հունգարիայի դրամատուրգիայում քննադատական ռեալիզմի հիմնադիրներից մեկը:
Յանոշ Բոյայի (Բոյլի) – մաթեմատիկոս, ոչէվկլիդյան երկրաչափության հիմնադիր, «Ապենդիքս» աշխատության հեղինակ: Ծնվել է 1801թ. Հունգարիայի Մարովաշախրեյ բնակավայրում, որը հիմնադրել են Կաֆայի հայ վերաբնակիչները 17-րդ դարի երկրորդ կեսին:
Այս ցանկը կարելի է շարունակել:
Կարծում եմ նաև, որ ԵԺԿ հայաստանյան անդամ կուսակցությունները պետք է պահանջեն ԵԺԿ ղեկավար մարմնից` նախագահությունից գնահատական տալ ԵԺԿ անդամ «Ֆիդես» հունգարական կուսակցության ձևավորած կառավարության այս ամոթալի քայլին և կատարել համապատասխան քայլեր` ընդհուպ մինչև հունգարական «Ֆիդես» կուսակցությանը ԵԺԿ-ից վտարումը:










































