Այս գիշեր 7.6 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինյան արշիպելագում: Այս մասին հաղորդում է GMA News լրատվական պորտալը:
Երկրաշարժն ուղեկցվել է 127 ստորգետնյա ցնցումներով: Տեղի բնակչությանը կոչ է արվել խուճապի չմատնվել, քանի որ նման հետցնցումների թիվը կարող է հասնել մի քանի հազարի: Միաժամանակ չի բացառվում, որ այդ ցնցումներից մեկն իր ուժով գերազանցի հիմնական երկրաշարժը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արևելյան Սամար մարզի Գուիուան քաղաքից 112 կմ հեռավորության, օջախը՝ 45 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են երկրի ամբողջ տարածքում:
Երկրաշարժից անմիջապես հետո Ֆիլիպինների իշխանությունները ցունամիի վտանգ են հայտարարել, որն ավելի ուշ հանվել է:
Երկրաշարժը հանգեցրել է երկրի ենթակառուցվածքների զգալի վնասվածքների, սակայն այս պահին հայտնի է միայն մեկ զոհի և մեկ վիրավորի մասին:
Մի շարք շրջաններում անջատվել է կապը և էլեկտրամատակարարումը, վնասվել են մի քանի կամուրջներ:











































