Աֆղանստանի կենտրոնական Վարդակ մարզի Սեյդաբադ շրջանում ՆԱՏՕ-ի խոշոր ռազմաբազաներից մեկում իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 6 խաղաղ բնակիչ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ինչպես գործակալությանը հայտնել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, բազայի անձնակազմից տուժողներ չկան: Մարզի կառավարությունից նշել են, որ վիրավորվել են 6 քաղաքացիական անձ և տեղի հետախուզության 2 աշխատակից: Զոհերի թիվը կարող է աճել:
Իշխանությունների տվյալներով՝ ահաբեկչությունը տեղի է ունեցել լուսադեմին: Առաջին պայթուցիկ սարքը բազայի դարպասների մոտ պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը, այնուհետև պայթել է բազայի կողքով անցնող ականապատ բեռնատարը: Ականատեսների վկայությամբ՝ բազայի մոտ գտնվող ոչ մեծ շուկան երկու պայթյունների հետևանքով ամբողջությամբ ավերվել է:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչը AFP-ին հաղորդագրություն է ուղարկել, որում խմբավորումը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2012թ. սկզբից Աֆղանստանում զոհվել է 1145 քաղաքացիական անձ, 1954 աֆղան վիրավորվել է: Զոհերի 80 տոկոսը դարձել է զինյալների գործողությունների զոհ:










































