Լոռու մարզի Ախթալա քաղաքի գործող քաղաքապետ, առաջիկա ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ երեկ տեղի ունեցած միջադեպը որևէ կերպ չի ընկճել իրեն, ընդհակառակը, հիմա ավելի է ոգևորել:
Նա չի ժխտել, որ տեղի ունեցածը հնարավոր է՝ քաղաքական ենթատեքստ ունենա, բայց ասել է, որ այս պահին զերծ է մնում մեկնաբանություններ տալուց:
Իսկ թե դա կարո՞ղ է կապված լինել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր, մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի հետ ունեցած լուրջ հակասությունների հետ՝ չի ժխտել՝ ասելով, որ, հավանաբար, վրեժխնդիր փորձեցին լինել:
Նա նշել է, որ Ախթալայի բնակիչներն իր կողքին են և զայրացած են տեղի ունեցածով: Իսկ քարոզարշավի վրա, նրա խոսքով, տեղի ունեցածը կանդրադառնա այնքանով, որքանով այս օրերին քարոզարշավ չի իրականացվի:
Լուրերի առնչությամբ, թե Խաչիկյանի կողմնակիցները Սերոբ Տեր-Պողոսյանից տուժած տղաներին և նրանց ընտանիքների անդամներին սպառնացել են չաշխատել հակառակորդ թեկնածուի՝ Սուրեն Թամազյանի օգտին, այլապես նրանց երեխաներին պղծելու տեսաձայնագրությունները կհայտնվեն շրջանառության մեջ, Հայկազ Խաչիկյանը ասել է. «Ի՞նչ ձայնագրություն, որևէ բանից տեղյակ չեմ»:
Հիշեցնենք, որ երեկ Լոռու մարզի Ախթալա քաղաքի գործող քաղաքապետ, առաջիկա ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակվել էին կրակոցներ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիթչյանի կողմից:











































